Azg.am-ի զրուցակիցն է ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը։
-Պարո՛ն Նահապետյան, Ադրբեջանը արգելանքի է վերցրել բուժման նպատակով Կարմիր խաչի միջոցով այսօր ՀՀ բուժհաստատություն տեղափոխվող Արցախի 68-ամյա քաղաքացուն։ Ի՞նչ է սա՝ պատանդառությո՞ւն, վախի մթնոլորտի ստեղծման հերթական քա՞յլ, թե մեկ այլ բան։
-Երբ շրջափակումը եղավ, և ադրբեջանցիները Հակարիի կամրջի վրա անցակետ դրեցին, դրանք ևս պատերազմի էլեմենտներ դիտարկվեցին, անցակետի տեղադրումն իրենով պատերազմի տարր է։ Այսինքն՝ 44-օրյա պատերազմը չի ավարտվել. գետնի վրա, տաք պատերազմն է ավարտվել, բայց ոչ՝ պատերազմն ընդհանրապես։
Հիմա կա շրջափակված Արցախ, ամրոց, որի պաշտպաններին Ալիևը պարտադրում է հանձնվել։ Նա երկու պայման է դնում՝ ամբողջական զինաթափում և պետական ինստիտուտների չգոյություն, որից հետո ամրոցի բանալիները պետք է հանձնվեն Ալիևին և իրականանա «ինտեգրում» կոչվածը։ Բայց քանի որ ամրոցի պաշտպանների մի մասը պատերազմել են, ամրոցը վերցնելուց հետո պաշտպանների մի մասը, բնականաբար, հաղթողի կողմից դատապարտվելու է։
Ալիևը երեք օր առաջ կրկին, Փաշինյանի հետ ձեռք ձեռքի տված, ցույց տվեց մի կարևոր փաստ, որ Հայաստանից ցանկացած օգնություն՝ կլինի սնունդ, դեղորայք, թե մասնագետներ, չեն կարող Արցախ մուտք գործել՝ ո՛չ ռուս խաղաղապահների, ո՛չ էլ միջազգային կառույցների օգնությամբ։ Չէ՞ որ, երբ Հայաստանի հումանիտար ապրանքներով բեռնատարները շարժվեցին դեպի Լաչինի միջանցք, այնտեղ գնացին նաև Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչները։
Ինչի՞ համար սա արվեց. Արցախում ապրող մեր հայրենկիցներին մեսիջ ուղարկվեց, որ ճանապարհը ո՛չ ռուս խաղաղապահներն են կարողանալու բացել, ո՛չ էլ միջազգային կառույցները, և հետևաբար Բերձորից որևէ բան չի մտնելու Արցախ. եթե ուզում եք ինչ-որ բան մտնի, մտնելու է Աղդամից։
Պատկերացրեք՝ պաշարված ամրոցից մի վիրավոր դուրս է բերվում, որպեսզի տարվի մյուս ամրոց բուժման։ Ամրոցը շրջափակող բանակն այդ վիրավորին վերցնում է։ Իհարկե, արգելանքի վերցված ԱՀ քաղաքացին պատանդ է։ Երբ մենք հասկանանք, որ պատերազմը շարունակվում է այս գործիքակազմով և մեթոդաբանությամբ, ամեն ինչ իր տեղը կընկնի։ Ադրբեջանն ասում է՝ իմ պայմանները սրանք են՝ ընդունում եք, կատարում եք, չեք ընդունում՝ դուք գիտեք։ Իսկ եթե ամրոցի բանալիները հանձնվում են, նշանակում է՝ բոլորն Ալիևի ողորմածության ներքո են հայտնվում։
Հիշո՞ւմ եք, ոչ վաղ անցյալում Ադրբեջանի նախագահը խոսում էր համաներման մասին, ԱՄՆ-ն էլ շատ արագ դրականորեն արձագանքեց։ Ալիևն է որոշելու, թե հանձնվելուց հետո այդ տարածքից ում ինչ ճակատագիր է սպասվելու։
–Պարո՛ն Նահապետյան, նշվում է, որ այս պահին ԿԽՄԿ ներկայացուցիչը գտնվում է Արցախի քաղաքացու մոտ, սակայն բանակցությունները դեռևս որևէ արդյունք չեն տվել։ Ի՞նչ երաշխիքներ կան, որ Ադրբեջանը կվերադարձնի արգելանքի վերցված արցախցուն։
-Եթե Ադրբեջանը Կարմիր խաչին թույլ տար, թույլ կտար այդ մարդուն տեղափոխել Հայաստան։ Իդեպ, ԿԽՄԿ ներկայացուցիչները գնացել էին Կոռնիձոր, սակայն անգամ դա Ադրբեջանի համար առ ոչինչ է։ Ադրբեջանն ասում է՝ սա իմ տարածքն է, իմ օրենքներն են, ես հաղթել եմ, և շրջափակված ամրոցը վաղ թե ուշ պետք է հանձնվի։ Ընդ որում, հանձնվելուց հետ Ալիևը ֆիլտրացիոն մեծ ճամբար է սարքելու, և յուրաքանչյուր արցախցի անցնելու է այդ ֆիլտրացիայով։ Վստահաբար, Արցախի մի քանի հազար պաշտպանների Ալիևը ձերբակալելու է և իր օերնքներով դատելու։ Այնպես որ, մեր հայրենակիցները պետք է հասկանան, թե ինչ է իրենց իրականոում սպասվում։
-Ի՞նչ եք կարծում, կարո՚՞ղ էր հայկական կողմն առանց որևէ պայմանավորվածության հարյուրավոր տոննա բեռ ուղարկել Լաչինի միջանցքի սկզբնամաս՝ հրաշալի իմանալով, որ Ադրբեջանը թույլ չի տալու բեռի մուտքն Արցախ։
-Ադրբեջանն արգելել է ցանկացած բեռի տեղափոխում, և ՀՀ իշխանությունները դրա մասին հրաշալի գիտեին։ Որպեսզի հայկական հումանիտար բեռն անցներ Հակարիի կամրջով, առնվազն հայկական կողմը վաղօրոք կապվեր ռուս խաղաղապահների հետ՝ հայտնելով, որ նման նպատակ ունի։ Ռուսներն իրենց հերթին պետք է բանակցություններ սկսեին ադրբեջանցիների հետ և միայն դրական երաշխիքի առկայությամբ հայկական բեռնատարները պետք է շարժվեին դեպի Արցախ։
Հիմա, ինչո՞ւ նման բան չի արվել. որովհետև խնդիրը բեռ տեղափոխելը չի եղել։ Բուն խնդիրն այն է, որպեսզի Արցախում ապրող մեր հայրենակիցներին հերթական մեսիջն ուղարկվի, որ եթե ռուս խաղաղապահները ոչինչ չեն կարող անել, ապա ճանապարհը բացելու մասով ոչինչ չեն կարող անել նաև միջազգային կառույցները, դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչները։ Ալիևը մեկ անգամ ևս ասում է՝ Բերձորից սկսած՝ իր տարածքն է, և ինքն է որոշում, թե ով կմտնի, ով դուրս կգա։
Այսինքն՝ այս ծրագիրը կանխամտածված էր, Ալիևի հետ ձեռք ձեռքի տված, թե ՀՀ իշխանությունների հերթական դիլետանտ քայլը, դժվար է ասել։ Ամեն դեպքում, որևէ ընկրկում չկա. Ալիևը հաստատակամ է ճանապարհը փակ պահել։
Ադրբեջանը շախմատ չի խաղում, նա զինված վիճակում հարվածում է։ Նա շախմատային քայլերով չի խաղում, Ալիևն ասում է՝ ոչ մի շախմատ. ես հաղթող երկիր եմ, և իմ օրենքներն են աշխատելու։ Ալիևը զենքը վերցրել է և ասում է՝ եկեք կռվի՝ դուք առանց զենքի, ես՝ զենքով, տեսնենք՝ ով կհաղթի։