Ադրբեջանը բոլոր հնարավոր միջոցներով դիմադրելու է միջազգային ճնշումներին. քաղաքագետ

24

2020 թվականի պատերազմը եղել է ՌԴ-ի, Թուրքիայի և Ադրբեջանի ղեկավարությունների սեպարատ պայմանավորվածության հետևանք, և այս իմաստով Ադրբեջանը պետք է հասցնի ի կատար ածել ձեռք բերված բոլոր պայմանավորվածությունները։ Իսկ նա դրա համար քիչ ժամանակ ունի, Azg.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց արցախցի քաղաքագետ Ալեքսանդր Քանանյանը։

«Ուստի Ադրբեջանը բոլոր հնարավոր միջոցներով դիմադրելու է միջազգային ճնշումներին՝ շարունակելով ասել, որ պատրաստ է այսպես կոչված իր քաղաքացիներին՝ արցախաբնակ ՀՀ քաղաքացիներին, օժտել բոլոր անհրաժեշտ պայմաններով՝ սնունդ, գազ, էլեկտրաէներգիա և այլն։ Դրա դիմաց Ադրբեջանը պետք է իրականացնի Արցախի մնացորդում իր վարչական իշխանության հաստատումը, քանի դեռ այնտեղից դուրս չեն եկել ռուս խաղաղապահները»,- ասաց Ալեքսանդր Քանանյանը։

Քաղաքագետի համոզմամբ՝ Ադրբեջանը շարունակելու է ամեն կերպ խուսափել միջազգային հանրության հասցեական պահանջներից։

«Մենք ծայրահեղ ծանր զարգացումների հեռանկար ունենք, և այս իրավիճակում հայաստանյան դիվանագիտությունը պետք է հրաշքներ գործեր։ Բայց քանի որ ՀՀ կառավարությունը միանգամայն ապիկար և ապաշնորհ է և նպատակ չունի որևէ կերպ ստանձնելու արցախահայության համար պատասխանատվությունը, իրավիճակը, հավանաբար, զարգանալու է հայկակակն կողմի համար ամենաբացասական սցենարով»,- ասաց Ալեքսանդր Քանանյանը։