Եվրոպան ստիպված կլինի վերանայել իր աջակցությունն Ուկրաինային, եթե Դոնալդ Թրամփը դառնա ԱՄՆ նախագահ։ Մայրցամաքը միայնակ չի կարող կրել պատերազմի բեռը։ Այս մասին հայտարարել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը, հայտնում է Reuters-ը։
Գործակալությունը գրում է, որ Օրբանը դեմ է Ուկրաինային ռազմական օգնության տրամադրմանը և հասկացնել է տվել, որ Թրամփը կիսում է իր տեսակետները, բանակցելու է պատերազմի խաղաղ կարգավորման շուրջ։
«Եթե տեղի ունենա այն, ինչ մենք ակնկալում ենք, և Ամերիկան դառնա խաղաղության կողմնակից, ապա Եվրոպան չի կարողանա մնալ պատերազմի կողմնակից»,-ասել է նա։
Նա նաև ասել է, որ Ուկրաինան հաջորդ շաբաթ լինելու է Բուդապեշտում եվրոպացի առաջնորդների հանդիպման օրակարգի հիմնական կետերից մեկը։ Քաղաքական գործիչը նկատի ունի Եվրոպական քաղաքական համայնքի հանդիպումը և ԵՄ առաջնորդների ոչ պաշտոնական հանդիպումը։