Վարդան Բալյանի ՖԲ էջից, –
Հնարավոր և անհնարին բոլոր միջոցները գործի են դրվել Գորիսում իշխանական թիմի հաղթանակի համար: Երևանյան ՔՊ-ական դեսանտայինների հետ միասին հոկտեմբերի 17-ի քվեարկության ընդառաջ քարոզարշավի վերջին օրը Գորիսում Ապագա կա զորահանդեսային երթին մասնակցում են մեծաթիվ աշխարհազոր Սյունիքի և այլ մարզերի տարբեր համայնքներից: Հիմա արդեն չի զարմացնում, որ ՔՊ-ական լեգիոների թվում են բազմաթիվ ՀՀԿ և ԲՀԿ նախկին վեցնոցներ, քաղաքական լյումպեն: Այնպես որ եկեք սուտ հեղափոխական կապիկությունը մի կողմ դնենք:
Ընդամենը երկու օրից գորիսեցիները պետք է ընտրեն համայնքային նոր իշխանություն: Թիմերից որևէ մեկի օգտին քվեարկելու կոչ անելու իրավունք չունեմ, ոչ էլ ցանկություն, բայց ցանկանում եմ Առուշի մասին մի երկու խոսք ասել: Այդ երիտասարդ տղային առաջին անգամ քաղաքական դաշտում նկատել եմ 2017 թվականի խորհրդարանական ընտրությունների ժամանակ: Համացանցում բազմաթիվ տեսանյութեր կան, որոնք կվկայեն, որ այդ ընտրական փուլում Առուշանյանը միակ թեկնածուն էր, որ պատշաճ հրապարակային քարոզչություն էր իրականացնում: Հետո առիթ եղավ արդեն Գորիսի համայնքապետի պաշտոնում տեսնել Առուշանյան Առուշին Սյունիքի մարզպետարանում խորհրդակցության ժամանակ:
Անկեղծ կլինեմ, այդ տղայի նկատմամբ հարգանքով լցվեցի ոչ միայն նրա համար, որ իսկապես խորամուխ էր եղել յուրաքանչյուր խնդրի մեջ, որ վերաբերում էր Գորիսին, այլև հայրենի քաղաքի նկատմամբ անսահման սիրո ու նվիրվածության՝ կռվում էր ամեն կոպեկի համար, որ կարելի էր տանել Գորիս, հակադարձում ամեն բառի, որ Գորիսը տեղավորում էր որևէ քաղաքային բնակավայրին զիջող դիրքում: Ցանկացած ծրագիր, որ հնարավորություն էր տալիս Գորիս լրացուցիչ ֆինանսական հոսքեր ուղղել, Առուշի համար դառնում էր նպատակ: Կարևոր մեկ դիտարկում էլ անեմ, նրա վարչակազմը որակապես մի քանի աստիճան բարձր էր մարզի մյուս բոլոր համայնքների տեղական ինքնակառավարման մարմինների հետ համեմատության մեջ:
Հարգելի գորիսեցիներ, Ձեզնից լավ ոչ ոք չի կարող գնահատել նախորդ հինգ տարիներին համայնքային իշխանության աշխատանքը: Հոկտեմբերի 17-ին հենց դուք եք գնահատելու, դեսանտնիկները կգան ու կգնան, սա նկատի ունեցեք: Քվեարկության ժամանակ կցանկանամ մեկ բան հիշեք՝ Ձեր համայնքապետ Առուշ Առուշանյանը Գորիսը սիրում է անասելի շատ, այնպես, որ Գորիսին հարևան համարյա բոլոր համայնքների բնակիչները նախանձում են Ձեզ: