Փաշինյանն այսօր Եռաբլուր էր ուղարկել իր «ծանր հրետանուն»՝ քպ-ական պատգամավորներ Հովիկ Աղազարյանին ու Հակոբ Ասլանյանին։
Կասկածից վեր է, որ նրանք եկել էին Եռաբլուր՝ ծնողների զայրույթը գրգռելու, կռիվ հրահրելու նպատակով։ Երկու տարեկան երեխային էլ պարզ է, որ հենց միայն նրանց գլուխների՝ Եռաբլուրում երևալը զոհված զինվորների հարազատների զայրույթն էր շարժելու։ Այդ դեպքում ինչո՞ւ էին Աղազարյանն ու Ասլանյանը՝ քպ-ի ամենատարեց պատգամավորները, Եռաբլուր եկել։ Ինչ է, կասկածո՞ւմ էին, որ ծնողները նրանց թույլ չեն տալու «մեխակներ խոնարհել» տղաների շիրիմներին։ Իհարկե, ինչպես իրենց տերը, իրենք էլ էին վստահ, որ քայլ անգամ առաջ չէին դնելու դեպի Եռաբլուր։ Ուրեմն ինչի՞ համար էր այս էժան կրկեսը։ Ինքնաոչնչացմա՞ն, սեփական երեսին սեփական ձեռքերով ամոթի մուրը քսելո՞ւ, թե ծնողների համբերությունը նորից փորձելու ու երկու աքացի ու ապտակ ուտելու։
Հայաստանի անկախության օրվա առիթով նրանք եկել էին Եռաբլուր, որտեղ գիշերվանից իրենց զավակների շիրիմները հսկում են ծնողները։
Դեռ երեկ է հայտնի դարձել, որ 44-օրյա պատերազմում զոհված զինվորների հարազատները վճռել էին թույլ չտալ իշխանություններին այցելել Եռաբլուր, մոտենալ իրենց որդիների գերեզմաններին։
Այսօր իշխանական շրջանակից, բացի Հովիկ Աղազարյանից ու Հակոբ Ասլանյանից, ոչ ոք Եռաբլուր չի այցելել։ Իսկ վերոնշյալ պատգամավորներին տեսնելուն պես ծնողները կտրել են նրանց ճանապարհը ու թույլ չեն տվել մոտենալ Եռաբլուրին։
Պատգամավորները փորձել են շարունակել քայլել դեպի Եռաբլուր, սակայն ծնողները կանգնել են նրանց ճանապարհին։ Տեղի է ունեցել քաշքշոց։
Երկրապահները՝ Սասուն Միքայելյանի գլխավորությամբ, նույնպես Եռաբլուր են եկել, բայց ծնողները թույլ չեն տվել մոտենալ տղաների շիրիմներին։

Ասլանյանն ու Աղազարյանն այդպես էլ Եռաբլուր չեն մտել։
Հիշեցնենք, որ 2022-ի սեպտեմբերի 21-ին Նիկոլ Փաշինյանն իր թիմակիցների հետ այցելեց Եռաբլուր, ու տեղի ունեցան ամոթլի միջադեպեր, երբ իշխանությունների հրահանգով, բռնի ուժ կիրառելով, ուղղակի քարշ տալով՝ ոստիկանները Եռաբլուրից բերման ենթարկեցիին ծնողներին, որոնք ուզում էին կանխել Փաշինյանի մուտքը Եռաբլուր։
Այդ օրվանից հետո ծնողների նկատմամբ հարուցվել են դատական գործեր, իսկ ծնողներին քարշ տված ու բռնություն կիրառած ոստիկանները մինչ օրս մնացել են անպատիժ։