BlogNews.am կայքի խմբագիր, բլոգեր Արամ Գևորգյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «2 ամիս առաջ Եռաբլուրում քեզ տված խոստումս կատարեցի, Դավո ջան։ Համախմբեցի էն բոլոր լավ մարդկանց, որոնց դու չէիր ճանաչում, բայց որոնց գոյությանը դու միշտ հավատում էիր։ Քո սխրանքի, քո մարդ տեսակի շնորհիվ ուղիղ 2 ամսում 110.850 $ (ՀԱՐՅՈՒՐ ՏԱՍԸ ՀԱԶԱՐ ՈՒԹ ՀԱՐՅՈՒՐ ՀԻՍՈՒՆ ԴՈԼԱՐ) գումար հավաքեցինք, որ ընտանիքդ իր տունն ունենա։
Սա չլսված ու չտեսնված արդյունք էր, Դավ։ Շատ շուտով զավակներդ իրենց սեփական ու ապահով տանիքը կունենան։ Հիմա գոնե ննջիր խաղաղությամբ։ Ննջիր, իմանալով, որ լավ մարդիկ մենակ չթողեցին զավակներիդ։ Ննջիր, իմանալով, որ հայ ազգը գնահատեց քո սխրանքը։
Ննջիր խաղաղությամբ, Արցախի հերոս»։
Նշենք, որ խոսքը 44-օրյա պատերազմում զոհված, Արցախի հերոս Դավիթ Առուշանյանի մասին է, որը 4 անչափահաս երեխա ունի։ Նրա ընտանիքն ապրում է վարձով։ Բլոգեր Արամ Գևորգյանը խոստացել էր, որ հանգանակություն կհայտարարի և կարճ ժամանակում կհավաքի այն գումարը, որով հնարավոր է Դավիթ Առուշանյանի ընտանիքի համար բնակարան գնել։