Քանի որ Սնուփ Դոգի հայաստանյան համերգը չի կայացել, մենք արդեն իսկ գրությամբ դիմել ենք կազմակերպությանը, որպեսզի ամբողջ գումարը վերադարձվի պետական բյուջե, ինչպես և նախատեսված էր, այսօր կայացած ամփոփիչ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։
«Ամեն անգամ, երբ լրագրողները Սնուփ Դոգի հարցով ինձ դիմում են, փոխանցել եմ այն տեղեկատվությունը, ինչ որ այդ պահին մենք ունեցել ենք կազմակերպող ընկերության կողմից: Գիտեմ, որ նրանք ամբողջ տարին բանակցել են, որպեսզի համերգը տեղի ունենա, և տարբեր ժամանակաշրջաններում ունեցել են որոշակի նախնական պայմանավորվածություններ, որոնք ինչ-ինչ պատճառներով տեղի չեն ունեցել։ Եվ սա նշանակում է, որ պետք է գործեն պայմանագրի դրույթները»,- ասաց Ժաննա Անդրեասյանը:
Հիշեցնենք, որ Սնուփ Դոգի՝ 2023թ-ի սեպտեմբերին Երևանում նախատեսված համերգը հետաձգվել էր Ադրբեջանի՝ Արցախի նկատմամբ հարձակումից հետո: Համերգի կազմակերպման համար որպես դրամաշնորհ նախարարությունը հատկացրել էր 6 միլիոն դոլար։