Մտահոգություններ միշտ կան, և քանի դեռ Հայաստանի ու Ադրբեջանի միջև կոնֆլիկտն առկա է, իսկ Ադրբեջանն էլ ակնհայտորեն առաջնորդվում է շանտաժի միջոցով Հայաստանին առավելապաշտական և միակողմանի զիջումներ պարտադրելու մոտեցմամբ, բնական է, որ լարվածության և էսկալացիայի ռիսկն առկա է։ Azg.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանը՝ անդրադառնալով ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի հայտնած մտահոգություններին, որ Ադրբեջանից շարունակում են ռազմատենչ հայտարարություններ հնչել, ինտենսիվ զորավարժություններ են իրականացվում և ռազմական տեխնիկա է տեղափոխվում Բաքու։
Մեր զրուցակիցը միաժամանակ չշտապեց մտագոհությունների վերաբերյալ հայտարարությունը միանշանակ դիտարկել որպես վերահաս պատերազմի մասին ահազանգ։
«Էսկալացիան ամենևին միայն լայնամասշտաբ պատերազմի միջոցով կամ տեսքով չէ, որ կարող է լինել։ Այո՛, էսկալացիայի շրջանակը և տրամաչափը բոլորովին կանխատեսելի չեն, բայց էսկալացիան կարող է լինել լոկալ, սահմանային բնույթի՝ չվերածվելով մեծ պատերազմի։ Դրանից, իհարկե, չի հետևում, որ Հայաստանի համար դա չպետք է լինի մտահոգիչ»,- ասաց Հակոբ Բադալյանը։
Քաղաքական վերլուծաբանի խոսքով՝ հնարավոր է, որ պաշտոնական Երևանի՝ մտահոգություններ բարձրաձայնելու նպատակը կանխարգելիչ գործողություններն են։
«Այդ տեսանկյունից ի՞նչ պետք է անի Հայաստանը. պետք է աշխատի բոլոր այն դերակատարների հետ, որոնք գետնի վրա կարող են էական դեր ունենալ կայունության և անվտանգության միջավայրի կառավարելիության հարցում։ Իհարկե, այստեղ խոսքը վերաբերում է թե՛ անմիջական ռեգիոնալ դերակատարներին, և թե՛ աշխարհաքաղաքական մասշտաբով ազդեցիկ պետություններին։
Ընդհանուր առմամբ, քանի դեռ Ադրբեջանը որևէ նպատակ չունի հավասարակշռված խաղաղության հասնելու, պատերազմի ռիսկը մշտապես առկա է։ Լայն իմաստով այս փուլում կա նաև հետևյալ խնդիրը. մենք տեսանք ռազմավարական համապարփակ գործընկերության վերաբերյալ ռուս-իրանական պայմանագրի ստորագրումը։
Կարծում եմ՝ այդ հանգամանքը Կովկասում ի վիճակի է նոր իրավիճակ ստեղծել, աշխարհաքաղաքական կլիմայի իմաստով ուժերի նոր դասավորություն իրականացնել, և այստեղ հնարավոր է նաև, որ ՌԴ-ի և Իրանի աշխարհաքաղաքական մրցակիցներն Ադրբեջանի միջոցով փորձեն այդուհանդերձ այդ երկուսի համար խնդիրներ ստեղծել՝ դրանով իսկ սահմանափակելով Իրանի և Ռուսաստանի ազդեցությունը»,- ասաց մեր զրուցակիցը։
Ամփոփելով՝ Հակոբ Բադալյանն ընդգծեց՝ շատ բան կախված է նրանից, թե Հայաստանն ինչպես կաշխատի դիվանագիտական ճակատում՝ չեզոքացնելու հնարավոր ռիսկերը։
«Լավրով-Միրզոյան նախօրեի հանդիպմանը հնչեցին հայտարարություններ, որոնք թույլ են տալիս խոսել հայ-ռուսական որոշակի փոխըմբռնման մասին։ Զուգահեռ՝ ՀՀ փոխարտգործնախարարն Իրանում էր, և ՀՀ արտգործնախարարը դրական արտահայտվեց ռուս-իրանական գործակցության վերաբերյալ։ Սա, իհարկե, Հայաստանի համար կարող է էական հնարավորություն՝ իրավիճակը կառավարելու տեսանկյունից։ Բնականաբար, պետք է աշխատել նաև այլ դերակատարների հետ»,- ամփոփեց Հակոբ Բադալյանը։