Գերմանական «Բիլդն» արդեն անդրադարձել է Նենսի Փելոսիի Հայաստան այցին՝ այն որակելով համարձակ քայլ: «Ազգի» այսօրվա լրաշարում ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակի այցի մասին Սուրեն Սարգսանի հետ մեր հարցազրույցի սկզբում արդեն իրազեկել ենք, որ Փելոսին Երեւան է գալիս Բեռլինից, որտեղ սեպտեմբերի 15-ին ելույթ ունեցավ Մեծ Յոթնյակի խոսնակների գագաթնաժողովին (G7 Speakers’ Summit ): Ելույթների առանցքային թեման Ուկրաինան էր:
«Բիլդն» իր տեղեկությունը քաղել է Politico-ից: Գերմանական թերթը շեշտում է այն հանգամանքը, որ օգոստոսին Չինաստանում ծագած լարվածությունը պատճառ չի դարձել, որ Փելոսին կասեցնի իր որոշումը, եւ նա Թայվան գնացել է: Իսկ հիմա՝ Ադրբեջանի հարձակման ենթարկված Հայաստան է մեկնում: Բեռլինում ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակը երեկ՝ սեպտեմբերի 15-ին հանդիպել է Մեծ Յոթնյակի երկրների խորհրդարանների նախագահներին, ինչպես նաեւ Բունդեսթագի նախագահ Բերբել Բասին:
Հորդորե՞լ է Գերմանիային ավելին անել Հայաստանի համար, «Բիլդի» հեղինակ Ֆիլիպ Ֆաբիանը իր հռետորական հարցին այսպես է պատասխանում՝ Դա անհրաժեշտ կլիներ, քանի որ ԳԴՀ Արտաքին գործերի նախարարությունը, ի տարբերություն ԵՄ-ի, ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի մինչ այժմ չի դատապարտել Ադրբեջանի վերջին հարձակումները: Փոխարենը ԱԳՆ խոսնակ Քրիստիան Վագները մամլո ասուլիսի ժամանակ պատասխանել է, թե անկախ դիտորդներ չկան եւ երկու կողմի տեղեկատվությունը չի ստուգվել: (Սրա մասին մանրամասն անդրադարձել ենք այսօրվա «Ազգի» մեր ծավալուն «Թույլ չտանք, որ մեր ողբերգությունը հարաբերականացնեն» հոդվածում (http://azg.am/analytics/%d5%a9%d5%b8%d6%82%d5%b5%d5%ac-%d5%b9%d5%bf%d5%a1%d5%b6%d6%84-%d5%b8%d6%80-%d5%b4%d5%a5%d6%80-%d5%b8%d5%b2%d5%a2%d5%a5%d6%80%d5%a3%d5%b8%d6%82%d5%a9%d5%b5%d5%b8%d6%82%d5%b6%d5%a8-%d5%b0%d5%a1%d6%80/)- Ան. Հ.):
Անահիտ Հովսեփյան, Գերմանիա