Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը ժամանել է Մոսկվա, որտեղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ստորագրելու է Իրան-ՌԴ Համապարփակ ռազմավարական գործընկերության մասին համաձայնագիրը, հայտնում է ՌԻԱ Նովոստին:
Մոսկվայի և Թեհրանի միջև Համապարփակ ռազմավարական գործընկերության համաձայնագիրը պարունակում է 47 հոդված և ընդգրկում երկկողմ համագործակցության բոլոր ոլորտները։ Այս մասին, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, հայտարարել է ՌԴ-ում Իրանի դեսպան Քազեմ Ջալալին։
«Այս համաձայնագիրը ներառում է նախաբան, 47 հոդված և ընդգրկում է երկկողմ համագործակցության բոլոր ոլորտները», – ասել է Ջալալին Իրանի պետական հեռուստատեսությանը և ռադիոյին: Դեսպանի խոսքով՝ այս համաձայնագիրը կազմելիս հիմնական ուշադրությունը դարձվել է «հավասարակշռության, ինքնիշխանության և երկրների տարածքային ամբողջականության հարգման սկզբունքներին»։
Ավելի վաղ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը նշել է, որ Ռուսաստանի և Իրանի միջև Համապարփակ ռազմավարական գործընկերության պայմանագիրն առաջիկայում կստորագրվի։ Նրա խոսքով՝ պայմանագիրը կամրագրի կողմերի՝ պաշտպանության ոլորտում առավել սերտ համագործակցելու ցանկությունը և փոխգործակցությունը՝ ի շահ տարածաշրջանային և գլոբալ մակարդակներում խաղաղության և անվտանգության։
Ավելի վաղ իրանական կողմը հայտարարել էր, որ պայմանագիրը կստորագրվի Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի՝ ՌԴ առաջիկա այցի շրջանակում:
ԻԻՀ ԱԳՆ խոսնակ Իսմայիլ Բաղային հայտարարել է, որ համապարփակ ռազմավարական գործընկերության մասին պայմանագրի շուրջ քննարկումները տևել են մոտ չորս տարի և այն վերջնական տեսքի է բերվել նախորդ ամռանը։
Փաստաթուղթն ընդգրկում է լայն շրջանակ, այդ թվում՝ տնտեսություն, տրանսպորտ, էներգետիկա, առողջապահություն և գյուղատնտեսություն, համագործակցություն ընդհանուր մարտահրավերների դեմ պայքարում, համագործակցություն բնական աղետների հետևանքների նվազեցման ոլորտում, կազմակերպված հանցավորության և ահաբեկչության դեմ պայքարում, համագործակցություն արդյունաբերական ոլորտներում, համատեղ ներդրումներ, հըամագործակցություն տրանսպորտի հետ կապված ոլորտներում, ավտոմոբիլային, երկաթուղային, օդային և ծովային փոխադրումներ, ինչպես նաև համագործակցություն փորձի և տեխնիկական գիտելիքների փոխանակման ոլորտում։