Եվրոպական Միության՝ 40 հոգուց բաղկացած դիտորդական առաքելությունը առաջիկայում կժամանի Հայաստան. փորձագիտական դաշտում կարծիքներ են հնչում, որ պետք է երկարաձգել դիտորդական առաքելության ժամկետը կամ այն դարձնել մշտական, ՀՀ վարչապետ Փաշինյանը համոզված չէ դրանում, սակայն չի բացառում անհրաժեշտության դեպքում խնդրի ավելի խորը ուսումնասիրումը: Փաշինյանն այս մասին ասաց կառավարության նիստում:
Փաշինյանը նախ արձանագրեց և ողջունեց ԵՄ-ի քաղաքացիական դիտորդական առաքելության աշխատանքի մեկնարկը Հայաստան-Ադրբեջան սահմանի երկայնքով: Նա հիշեցրեց, որ համապատասխան պայմանավորվածությունը ձեռք է բերվել հոկտեմբերի 4-ին Պրահայում տեղի ունեցած քառակող հանդիպման ընթացքում:
«Եվ պետք է հաճույքով արձանագրեմ, որ ԵՄ-ի գործընկերները շատ օպերատիվ են արձագանքել և որոշումներ կայացրել: Նախապատրաստող խումբն արդեն Հայաստանում է: : Հիմնական խումբը՝ 40 հոգուց կազմված դիտորդական առաքելությունն առաջիկայում կժամանի Հայաստան: Ի սկզբանե պլանավորված է, որ 2 ամիս պետք է աշխատի դիտորդական առաքելությունը: Մեր փորձագիտական դաշտում կարծիքներ են հնչում, որ պետք է երկարացնել դիտորդական առաքելության ժամկետը կամ փորձել դիտորդական առաքելությունը դարձնել մշտական: Ես համոզված չեմ դրանում, բայց ամեն դեպքում մի թեմա է, որը մեր հանրության և փորձագիտական շրջանակում քննարկվում է: Եթե մենք տեսնենք նման հնարավորություն և անհրաժեշտություն, չենք բացառում, որ ավելի խորը կուսումնասիրենք խնդիրը»,-ընդգծեց վարչապետը: