Ափսոսում եմ, որ ապաշնորհ ղեկավարության պատճառով եկել-հասել ենք այս հանգրվանին, լրագրողների հետ զրույցում այսօր այս մասին ասաց Ագրարային համալսարանի անասնաբուժության ֆակուլտետի դասախոսներից մեկը, որն իր գործընկերների հետ մասնակցում էր բողոքի ակցիային։
«Երբ մեր երկրի առաջին դեմքերի 30 տոկոսը, եթե ոչ ավելին, եղել են մեր շրջանավարտները, դա խոսում է բուհի վարկանիշի մասին։ Մեր երկիրը ծաղկուն վիճակ է ապրել։
Այսօր տեսնում եմ, որ Նիկոլ Փաշինյանը բոլոր մասնագետների մասնագետն է դարձել, բայց կուզեի, որ անասանաբույժ էլ դառնար, մեզ սովորեցներ։ Թող գար Ագրարային համալսարան և մեր դասախոսներին մի կողմ տաներ, ինքն աներ ամեն ինչ։ Գուցե մեր երկիրը կծաղկեր»,- նկատեց դասախոսը։
Նրա խոսքով՝ Ագրարային համալսարանի տարածքը Ֆրանսիական համալսարանին տրամադրելու կառավարության որոշումըկուլիսային որոշում է՝ բուհի ղեկավարության լուռ համաձայնությամբ։
«Ագրարային համալսարան եկավ, մեխի նման տնկվեց Արթուր Բաղդասարյանի շենքը (նկատի ունի ՕԵԿ նախկին նախագահին՝ խմբ.)։ Այժմ Արթուր Բաղդասարյանի Ֆրանսիական համալսարանն է գալիս։ Սա դառնում է ոզնու և նապաստակի պատմությունը. Ոզնին նապաստակի բնում տաքանում, մեծանում և մի օր որոշում է մյուսներին դուրս հանել։ Մենք այդ վիճակում ենք»,- ասաց դասախոսը։