ՀՀ ոստիկանապետի տեղակալ Արա Ֆիդանյանի խոսքով՝ մինչև օրս չի եղել այնպիսի իրավիճակ, երբ ոստիկանության ծառայողներն առանց հիմքի տուգանեն որևէ քաղաքացու։ Հետևաբար՝ անհիմն են այն խոսակցությունները, որ եթե նոյեմբերի 1-ից բաց տարածքներում քաղաքացիները պետք է պարտադիր դիմակ կրեն, ապա դառնալու են տուգանքի միջոց։
«Վստահեցնում եմ, որ նման դեպքեր չեն լինելու, ոստիկանությունը կատարելու է զուտ իրեն օրենքով վերապահված իրավունքները։ Նախորդ անգամ, երբ կար այս պահանջը, բավականին մեծ թվով վճարումներ է կատարվել, քանի որ, եթե տուգանված քաղաքացիները վճարում չկատարեն, նյութերն ուղարկվում են ԴԱՀԿ, հետևաբար՝ նրանք պետք է վճարեն։ Եղել են դեպքեր, երբ արձանագրությունը կա՛մ թերի է կազմված եղել, կա՛մ այնտեղ որոշակի մանրամասներ չեն նշվել, որոնք պետք է նշվեին»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց Արա Ֆիդանյանը։
Ըստ նրա, Սյունիքի մազում ոստիկաններն իրականացնում են մի շարք գործառույթներ, մասնավորապես՝ Գորիս-Կապան ճանապարհին, ապահովում են մարդկանց անվտանգությունը, ուղեկցումներ են իրականացնում։
«Հատկապես հիմա, պայմանավորված եղանակային պայմաններով՝ աճում է այդ ուղեկցումների անհրաժեշտության թիվը։ Այո, ըստ էության ոչ միայն այդ հատվածում, այլև առհասարակ ունենք որոշակի խնդիր՝ կապված ոստիկանության թվաքանակի հետ, այդուհանդերձ այդ թվաքանակով կարողանում ենք ծառայություն իրականացնել և մինչ օրս խնդիրներ չենք ունեցել»,- հավելեց փոխոստիկանապետը։
Ինչ վերաբերում է քաղաքացիներից մեկի բարձրացրած ահազանգին, որ թշնամին Որոտանի հատվածում կանգնեցրել է իր մեքենան, հարվածել ու հայհոյել է իրեն, Արա Ֆիդանյանը նկատեց՝ ցավոք, նման տեղեկատվություն շրջանառվել է։
«Տվյալ հատվածում պետք է կանոնակարգում իրականացվի միջազգային փաստաթղթերի հիման վրա։ Այսինքն՝ այն հատվածը, որը ոստիկանության գործառույթներից ու լիազորություններից դուրս է գտնվում, դա պետք է կանոնակարգվի միջազգային փաստաթղթերի հիման վրա։ Ճանապարհի այն հատվածը, որը չի դիտարկվում ՀՀ տարածքում, և եթե այնտեղ որոշակի դեպք է տեղի ունենում, պայմանավորվածություն կա, որ ճանապարհային պատահարների դեպքում ոստիկանությունն է զբաղվում։ Մենք այնտեղ մի շարք դեպքեր ունեցել ենք և մեր ոստիկանությունն այնտեղ իրականացրել է համապատասխան միջոցառումներ»,- ընդգծեց Ա. Ֆիդանյանը։