Հունիսի 16-ին Մինաս Ավետիսյանի ծննդավայր՝ Ջաջուռ, և նկարչի տուն֊թանգարան էր այցելել մեծանուն կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը։ Մաեստրոյին ուղեկցող հյուրերի թվում է եղել նաև Մինաս Ավետիսյանի մտերիմ ընկեր գրականագետ Յուրի Խաչատրյանը. տեղեկանում ենք Մինաս-Ավետիսյանի տուն-թանգարանի ֆեյսբուքյան էջից։
Հյուրերը շրջել են թանգարանում` դիտելով մշտական ցուցադրությունը։ Շրջայցի ընթացքում, ինչպես նաև թանգարանի բակում Տիգրան Մանսուրյանը և Յուրի Խաչատրյանը կիսվել են իրենց հուշերով` բազմաթիվ հետաքրքիր և հուզիչ դրվագներ պատմելով Մինասի հետ իրենց ապրած օրերի մասին։
«Նորից հանդիպեցի Մինասին՝ զրնգուն Հայաստանի մեծ քնարերգուին՝ մեծանուն Հայորդուն, այս անգամ իր հայրենի Ջաջուռի աննման տուն-թանգարանում։ Խորապես գնահատելի է մշակութային այս օջախի գոյությունը, նույնքան հիացումի արժանի է մեծ նկարչի տունը պահպանող աշխատակիցների նվիրվածությունը Մինասի անվանն ու ստեղծած կտավներին»,- գրել է մաեստրոն թանգարանի հուշամատյանում։
Այցը Ջաջուռ ամփոփվել է Մինաս Ավետիսյանի հայրական տուն այցով։