Հովհաննավանքում կարգալույծ արված նախկին քահանա Ստյոպա Ասատրյանը պատրաստվել է իրականացնել պսակադրության արարողություն։
Հարսանքավորները մտել են եկեղեցի, որովհետև նախնական պայմանավորվածությամբ Տեր Արամը (Ստյոպա Ասատրյան) որպես Հովհաննավանքի քահանա, պետք է իրականացներ պսակադրության կարգը։
Առավոտից Օհանավանում ոստիկանները հսկողություն են իրականացնում, Ստյոպա Ասատրյանի շուրջը պտտվում են նրան սատարողները, որոնք թիկնապահի դեր են կատարում։
Թվում էր՝ հարսանքավորները նույնպես ընդունում են, որ Ստյոպա Ասատրյանն իրականացնի պսակի արարողությունը, բայց կարճ ժամանակ անց փեսայի հայրը հրաժարվել է «Տեր Արամի» ծառայություններից։ Պսակադրության կարգն իրականացրել է Տեր Սարգիսը՝ որպես օծյալ քահանա։
Տեսնելով, որ հարսանքավորները թույլ չեն տալիս, որ պսակի արարողությունն իրականացնի կարգալույծ արված քահանան, մերժվածը եկեղեցու բակում իրականացրել է թատերական ներկայացման երկրորդ արարը։
Հոգևորականը Ստյոպա Ասատրյանին է հանձնել Մայր Աթոռից ուղարկված նրա կարգալույծի կարգավիճակը հաստատող փաստաթուղթը, բայց Ստյոպան հրաժարվել է այն վերցնել՝ հայտարարելով, թե ինքը չի ընդունում այդ կառույցը։
Վիճաբանության ժամանակ Ստյոպային պատնեշի պես պաշտպանել են ոստիկաններն ու նրա աջակից տղամարդիկ։
Ստյոպայի պահապանները սադրել են, լրագրողների վրա գոռգոռացել, վիրավորել, «եկեղեցուց հելար դուրս» ասելով՝ լրագրողներին հրել դուրս։
Հիշեցնենք, որ Ստյոպան հայտարարել է, որ կիրակի օրը Հովհաննավանքում «մատուցելու է սուրբ պատարագ»։ Փաշինյանն էլ հայտարարել է, որ մասնակցելու է «սուրբ և անմահ» պատարագին։




