Սա երեկվա կենսաբանության և աշխարհագրության միասնական քննության «ռազմավարն» է. Ներկայացնում է Գնահատման և թեսթավորման կենտրոնի մամլո խոսնակ Խաչանուշ Գրիգորյանը։
Նա պատռմում է դիմորդների անհավանական «արկածների» մասին, թե ինչ հնարքների կարող են դիմել նրանք ընդունելության քննություններին զեղծարարություններով բարձր միավորներ կորզելու համար։
Խաչանուշ Գրիգորյանը պատմում է, թե ընդունելության քննության ժամանակ ինչ «գործիքներ» են հայտնաբերել հսկիչները։
Մեկ զույգ մինի ականջակալ՝ ոսպի հատիկից փոքր, ականջի մեջ տեղադրվում է պատկերված ձողիկի լայն մասի միջոցով: Ականջից հանում են մյուս ծայրով, որ մագնիս է. տեսանյութում տեսնում եք, թե ինչպես են ձգվում ականջակալները: Կողքին միկրոֆոնով լարն է, որ սև թելով շատ խնամքով կարված էր հագուստի օձիքին:
«Թվում է՝ մյուս նկարներն ավելի հասկանալի են, բայց դա այնքան էլ այդպես չէ: Օրինակ, հեռախոսների հետ ամեն ինչ պարզ է, իսկ թե ինչի՞ համար է սպունգը, մեր անձնակազմից ոչ ոք գլուխ չհանեց:


Զուգարանի թղթով փաթաթված այս երկու հեռախոսներն ու սպունգի կտորը հայտնաբերվել է քննական կենտրոններից մեկի սանհանգույցի պատուհանագոգին՝ դրսից, մինչև քննության սկիզբը: Դիմորդ/ներ/ն ընթացքում պետք է քննասենյակից դուրս գալու թույլտվություն խնդրեր, մտներ սանհանգույց, պատուհանագոգից վերցներ հեռախոս/ներ/ն ու մտներ քննության: Չի վերցրել: Ականջակալից էլ չեն հասցրել օգտվել՝ մետաղորսիչն է մուտքի մոտ հայտնաբերել:
Ինչո՞ւ եմ գրում այսքանը: Աղոտ հույսեր եմ փայփայում, թե ծնողները գուցե, գոնե ականջակալի դեպքում, տեղյակ չեն եղել, որ իրենց երեխան որոշել է հեշտ ստանալ գնահատականը: Դրա համար ուզում եմ խնդրել, որ ուշադիր լինեն իրենց երեխաներին՝ որ հետները ոչինչ չվերցնեն: Պետք չէ ռիսկի դիմել: Հունիսի 28-ին վերջին քննությունն է, գոնե թող այս անգամ տհաճ անակնկալներ չլինեն ձեր երեխաների կամ ձեզ համար:
Ավելի լավ է՝ խնդրեք թող մի վերջին անգամ կրկնեն նյութը: Եվ առհասարակ, այս ամեն ինչի փոխարեն կարելի է ուղղակի ավելի շատ պարապել»,- հորդորում է ԳԹԿ մամլո խոսնակը: