Կարծում ենք որ արդեն բոլորը հասկացել են, որ «մեր ձևով» նշանակում է հայավարի, այսինքն՝ պատվով, աշխատասիրությամբ և խելքով։ «Մեր ձևով» նշանակում է արժանապատվությամբ, այսինքն՝ հանուն մեր երեխաների իրական ու բարեկեցիկ ապագայի, ու մենք ինչ անենք՝ անելու ենք մեր ձևով։ Այս մասին այսօր՝ Սամվել Կարապետյանի հիմնադրած «Մեր ձևով» շարժման մեկնարկին նվիրված միջոցառման ժամանակ, նշեց շարժման համակարգող խորհրդի գլխավոր պատասխանատու, «Տաշիր գրուպ» ընկերությունների խմբի փոխնախագահ Նարեկ Կարապետյանը։
«Սիրելի՛ հայրենակիցներ, վստահ ենք, որ գալիք քաղաքական և ընտրական գործընթացում հայ ժողովուրդը մերժելու և իշխանությունից հեռացնելու է գործող փոքրիկ խմբակին։ Այս շարժման օգնությամբ մենք ջանում ենք միավորել ազգային ներուժը և ձևավորել այնպիսի Հայաստանի տեսլական, որը հնարավոր կլինի ընդամենը հինգ-վեց տարում իրականություն դարձնել։ Դա լինելու է մեր իրական երազած Հայաստանը, որը կրկին աշխարհի բոլոր հայերի հարազատ տունը կլինի, բարեկեցիկ, երջանիկ և պաշտպանված։ Անելու ենք մեր ձևով»,– ընդգծեց Կարապետյանը։