Սերբիային արտերկրից տրամադրվել է մոտ 3 միլիարդ եվրո հանրապետության նախագահի՝ Ալեքսանդր Վուչիչի տապալման համար։ Այս մասին սերբիայի առաջնորդը հայտարարել է Pink հեռուստաալիքի եթերում։
«Ես պարզապես զարմացած եմ այն բանից, ինչ բացահայտվում է, թե որքան մեծ գումար է ներդրվել իմ տապալման համար։ Խոսքը գնում է այն մասին, որ վերջին 10 տարիների ընթացքում արտերկրից փոխանցվել է 1,5 միլիարդ եվրո։ Բայց երբ սկսեցի հաշվարկել, պարզվեց, որ այդ գումարը հասել է արդեն 3 միլիարդի», – ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ նշել է Վուչիչը։
«Ինչպես միայն Սերբիան սկսեց արագ աճ գրանցել, նրանք սկսեցին ավելի շատ ներդնել դրա ոչնչացման գործում, – ասել է պետության ղեկավարը։ – Եվ նրանց բացարձակապես չի հետաքրքրում, թե ինչ է կատարվում այն մարդկանց հետ, ում նրանք հանել են փողոց, հրահրելով արյունահեղություն և այլ իրադարձություններ։ Նրանց համար դա կարևոր չէ։ Նրանք ահռելի գումարներ են ներդրել»։
Սերբ առաջնորդը նշել է, որ հանրապետության կործանման փորձերը պայմանավորված են Սերբիայի ազատասեր քաղաքականությունը խաթարելու, երկրի դիրքերը Արևմտյան Բալկաններում թուլացնելու, ինչպես նաև «երկիրը տիկնիկային թատրոնի պես կառավարելու» ցանկությամբ, որպեսզի լսելի ու իրագործելի լինի միայն իրենց խոսքը։
«Նրանք հսկայական գումարներ են ներդրել, այդ պատճառով մենք ունեցել ենք յոթ ամիս տևողությամբ բողոքի ակցիաներ։ Եվ հիմա նրանք մտածեցին՝ ահա, վերջը եկավ։ Եվ զարմանում են, թե ինչու այդ վերջը չկա և չի լինելու։ Ես հիմա ձեզ ասում եմ՝ արյունալի հեղափոխություններ չեն լինի, ոչ մի անհեթեթություն չի կատարվի», – ընդգծել է Վուչիչը։
Հանրապետությունում ծավալված բողոքի ցույցերի թեման շարունակելով՝ նախագահը նշել է, որ մտադիր է գիրք գրել, որտեղ կներկայացնի, թե ինչպես պետք է դիմակայել զգալի ֆինանսական ռեսուրսներ ունեցող հակառակորդին։
«Ես կգրեմ ուսումնական ձեռնարկ այն մասին, թե ինչպես պայքարել «գունավոր հեղափոխությունների» դեմ։ Եվ ես վստահ եմ, որ դա կլինի աշխարհի ամենավաճառվող գրքերից մեկը։ Ես ինքս եմ այն գրելու, ոչ ոք այլևս։ Դա չի լինելու այնպիսի գիրք, որտեղ ինչ-որ մեկը կգրի իմ փոխարեն, իսկ ես պարզապես կստորագրեմ կամ նման մի բան։ Ես ինքս կգրեմ այն։ Կփորձեմ, թեև մեծ գրողական տաղանդ չունեմ, բայց կարողանում եմ վերլուծել և համադրել տեղեկատվությունը ու կփորձեմ այն ներկայացնել ուսումնական ձևաչափով», – ասել է նա։
2024 թվականի նոյեմբերից Սերբիայում ընթանում են հակակառավարական ակցիաներ, որոնք կազմակերպվել են ուսանողների և ընդդիմության ներկայացուցիչների կողմից։ Բողոքի ակցիաների հիմնական պատճառը Նովի Սադի երկաթուղային կայարանում տեղի ունեցած ողբերգությունն է, որը տեղի է ունեցել նոյեմբերի 1-ին և հանգեցրել է 15 մարդու մահվան։ Վուչիչը հայտարարել էր, որ փողոցային ակցիաները կազմակերպվել են օտարերկրյա հատուկ ծառայությունների կողմից՝ երկրում իրավիճակը ապակայունացնելու նպատակով։
Աղբյուր՝ Lurer.com