Վլադիմիր Վարդանյանն ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նախագահն է. պաշտոնների հաստիքային տարբերություն գրեթե չկա, և նրա պաշտոնը հավասար է նախարարի պաշտոնին։ Նա համարում է, որ իր պաշտոնում ավելի արդյունավետ է աշխատում և աշխատելու, քան նախարարի պաշտոնում, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՔՊ-ական պատգամավոր Արմեն Խաչատրյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչու են իր գործընկերենր Վլադիմիր Վարդանյանը, Հերիքնազ Տիգրանյանը և Արուսյակ Ջուլհակյանը հրաժարվել արդարադատության նախարարի պաշտոնից։
«Մենք էլ ենք Վլադիմիր Վարդանյանին այդ հարցը տվել՝ ինչու համաձայն չէ։ Սա առաջին անգամը չէ, որ նրան այսպիսի առաջարկ է արվում։ Նա բոլոր առաջարկները մերժել է , ինքնաբացարկ է հայտնել՝ գտնելով, որ ինքն ԱԺ-ում ավելի արդյունավետ է աշխատում»,- ասաց ՔՊ-ական պատգամավորը։
Հարցին՝ գուցե վերոնշյալ թեկնածուները զուտ պատասխանատվությունի՞ց են խուսափում՝ չցանկանալով ստանձնել արդարադատության նախարարի պաշտոնը՝ Արմեն Խաչատրյանը պատասխանեց՝ հնարավոր է մարդիկ ցանկանում են իրենց ընտանիքների հետ ավելի շատ ժամանակ անցկացնել, քան աշխատել նախարարի խիտ գրաֆիկով։
«Ամեն մարդ մի պատճառաբանություն ունի։ Բայց Վլադիմիր Վարդանյանի մասով ասեմ, որ ինքը շատ մեծ աշխատանք է իրականացնում միջազգային գործընկերների հետ»,- ասաց նա։
Դիտարկմանը, որ իշխանությունը կադրային բանկի խնդիր ունի, և շատ պաշտոնյաներ ներկայացնում են նախկիններին, (ինչպես օրիանկ՝ արդարադատության նախկին նախագահ Գրիգոր Մինասյան) Խաչատրյանը չհամաձայնեց։
«Նախկինը որն ա՞։ Բոլորը ծնվել են նախկինում։ Առանց անցյալի ներկա չի լինում»,- ասաց իշխանական պատգամավորը։
Հիշեցնենք, որ Գրիգոր Մինասյանն օրերս էր հրաժարական էր ներկայացրել արդարադատությա նախարարի պաշտոնից։ Հավանական թեկնածուներից որևէ մեկը մինչ այս պահը չի զբաղեցրել այդ պաշտոնը։