Նարեկ Գալստյանի ՖԲ էջից, –
Համաշխարհային կինոմատոգրաֆիայի ամենավառ ֆիլմերից մեկը «Խիզախ սիրտն է»։ Վիլյամ Վոլասն այն «Վճռական մենակն էր», որ ապստամբության դրոշ բարձրացրեց ընդդեմ անգլիական օկուպացիայի, ստիպեց իրեն միանալ ոչ միայն սովորական ժողովրդին, այլև շոտլանդական արիստոկրատիային՝ հզոր կլանների առաջնորդներին։ Ասում են, որ Վազգեն Սարգսյանը շատ էր սիրում այս ֆիլմն ու անգամ ՊՆ-ում հավաքել էր զինվորականներին ու ստիպել մի քանի անգամ նայել այն։ Որովհետև Վազգենն էլ իր տեսակով այն «Վճռական մենակն էր», որ հավատաց հաղթանակին ու, ի վերջո, նաև իր կյանքը զոհաբերեց հանուն այդ հաղթանակի կապիտալիզացիային։
Ինչու՞ որոշեցի գրել այս մասին… Մեր հայրենիքի օկուպացիայից անցել է արդեն 10 ամիս, մենք կորցրել ենք մեր տները, եկեղեցիներին ու նախնյաց գերեզմանները, հողին հանձնել հազարավոր ջահել կյանքեր ու… համակերպվել այս վիճակի հետ։ Մեր ժողովուրդը վախեցած է, իշխանությունը՝ սարսափած ու կոլաբորացիոնիզմի պատրաստ , ընդդիմությունը՝ այդպես էլ չապաշխարած ու չհասկացած անցյալի ու, ինչու ոչ, ներկայի հանցավոր սխալները… Ու այս 10 ամսվա ընթացքում մենք օդի ու ջրի պես կարոտ ենք եղել այդ «Վճռական մենակին», որ իր գործողություններով նոր հավատ կներշնչի մեզ բոլորիս արժանապատիվ, այլ ոչ թե ստորաքարշ ապագայի նկատմամբ։
Բայց ես վստահ եմ, որ եթե գտնվի այդ Վոլասը, որ կայծ տա մեր վախվորած ոգիներին, նորից հնարավոր կլինի վերագտնել այն արժանապատվությունը, որ մենք թաղեցինք ոչ միայն Շուշիում ու Հադրութում, այլ նաև Երևանում, Ալավերդիում կամ Գյումրիում։