Վերջին պատերազմը ցույց տվեց, որ Հայաստանի իշխանություններն իրականում գտնվում են պարտադրանքի մեջ։ Մեզ պետք են մարդիկ, որոնք կարող են բանակցել և, որոնք թելադրանքի ներքո չեն գտնվում։ Այդ առումով Հայաստանի իշխանությունները շատ վատ վիճակում են այսօր: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության ղեկավար, ՊՆ նախկին նախարար Սեյրան Օհանյանը:
Նրա խոսքով՝ սահմանազատման և սահամանգծման աշխատանքները չեն կարող Հայաստանի համար լինել շահեկան, քանի որ այս պահին ադրբեջանցիները հայտնվել են հայկական տարածքում, և այս իրավիճակում էլ ընթանալու են սահմանագծման և սահմանազատման շուրջ բանակցությունները:
Պատգամավորն ընդգծեց նաև, որ Վարչատարածքային բաժանման մասին օրենքով սահմանված դրույթները հիմք չեն կարող հանդիսանալ պետական սահմանները Ադրբեջանի հետ ճշտելու համար։
«Նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ նշված է, որ կողմերը գոնե այդ հատվածում՝ Սյունիքի հատվածում, կանգնում են այն կետերում, այն բնագծերում, որտեղ ավարտվել է պատերազմը: Եթե իշխանությունները բանակցությունների, անվտանգային և սահմանային իրավիճակի ձևավորման փորձ ունենային, պետք է հասկանային, որ հակառակորդը՝ թուրք-ադրբեջանական տանդեմը շատ դժվարությամբ է հետ քաշվելու այն կետերից, որտեղ իրենց զինվորի ոտքն է դրված, որտեղ իրենց համար ինժեներական կառույցներ են կահավորել: Դրա համար մենք պետք է կանգնեինք այն վայրերում, որտեղ պատերազմն ավարտվել էր, դրանից հետո արդեն բանակցությունների արդյունքում առաջ կգնայինք, թե հետ կգնայինք, կախված կլիներ այն իրավապայմանագրային հենքից, որի հիմքում խաղաղության պայմանագիրն է: Իսկ այս իրավիճակում Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելը նշանակում է ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, որը մեծ հարված կլինի Արցախի Հանրապետությանը և Արցախի ժողովրդին»,-ասաց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը:
Նա նաև ընդգծեց, որ չկան այն քարտեզները, որոնք սահմանային ճշգրտման հիմք պետք է հանդիսանան.
«Տարբեր քարտեզների են հղում կատարում՝ ռազմական, զինվորական, Խորհրդային Միության, իսկ Ադրբեջանն ինքն է հրաժարվել Խորհրդային Ասրբեջանի իրավահաջորդը լինելուց: Մենք չունենք այն հենքը, որ Ադրբեջանի հետ գնանք գլոբալ առումով խաղաղության իրավիճակի ստեղծման և խաղաղության պայմանագրի ստորագրման»,-ասաց Օհանյանը:
Սեյրան Օհանյանը, անդրադառնալով ՊՆ նախկին նախարար Դավիթ Տոնոյանի կալանավորմանը, նշեց, ոո դա տեսարան ձևավորելու հերթական փորձն էր.
«Երբ որևէ քողարկված գործընթաց է սկսվում, իշխանությունը, հանրության ուշադրությունը շեղելու համար, նման տեսարաններ է ձևավորում։ Ե՛վ Դավիթ Տոնոյանը, և՛ ԶՈՒ այն գեներալները, որնք ընդգրկված են այդ գործում, եթե ծանուցեին, ապա հանգիստ կգնային ԱԱԾ։ Ավելորդ խուզարկություններ, ավելորդ հռետորաբանություն»,-ասաց ՊՆ նախկին նախարարն ու ընդգծեց, որ բանակի նկատմամբ հռետորաբանությունը վեր է ածվել իշխանության համար PR-ի, ինչից էլ օգտվում է հակառակորդը։
Աղբյուր` Փաստինֆո