Երեկ՝ օգոստոսի 22-ն, առեղծվածային եւ սահմռկեցուցիչ դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում։
Ինչպես հաղորդում է Shamshyan.com-ը, ժամը 11։30-ի սահմանում, ոստիկանության Իջեւանի բաժին ահազանգ է ստացվել Տավուշի մարզի բնակիչ, Վազաշեն բնակավայրի վարչական ղեկավար Լորիկ Բադիրյանից, ով հայտնել է, որ Վազաշեն բնակավայրի սկզբնամասում այրված դի կա։
Ոստիկաներն ու քննիչները Վազաշեն գյուղի վարչական տարածքում՝ «Վիշկի Յալ» կոչվող վայրում, բերանքսիվայր վիճակում հայտնաբերել են մոխրացած դի։
Ձեռնարկելով անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական եւ քննչական համատեղ գործողություններ՝ պարզել են դիակի ինքնությունը, ով Վազաշեն գյուղի բնակիչ՝ 23-ամյա Սեւադա Ղազարյանն էր։
Դեպքի փաստով Տավուշի մարզային քննչական վարչությունում սպանություն հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։