Նախօրեին Ստեփանակերտի <<Պոլ Էլյուարի տուն>> Ֆրանկոֆոնիայի կենտրոնում տեղի է ունեցել Համլետ Պետրոսյանի ու Նժդեհ Երանյանի համահեղինակած «Արցախի կոթողային մշակույթը», Համլետ Պետրոսյանի և Հայկուհի Մուրադյանի «Արցախի մշակութային ժառանգությունը հարձակումների թիրախում» գրքերի, ինչպես նաև «Արցախի մշակութային ժառանգության մշտադիտարկում» նախաձեռնության կայքի շնորհանդեսը:
«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում Երևանի պետական համալսարանի Մշակութաբանության ամբիոնի վարիչ Համլետ Պետրոսյանն ասել է, որ հայկական մշակութային ժառանգության պահպանությունը ենթադրում է բազմաբնույթ նախաձեռնություններ:

«Մենք` որպես գիտնականներ, ընտրել ենք ակադեմիական հետազոտություններ կատարելու և դրանք աշխարհին ներկայացնելու ճանապարհը: Շատ հաճախ մարդիկ բարձրաձայնում են, թե ինչու ադրբեջանցիներին չենք պատասխանում և իրենց տեղը չենք դնում այն նույն բառամթերքով, որով իրենք են հարձակում իրականացնել:
Ես կարծում եմ, որ ակադեմիզմը ենթադրում է հնարավորինս անկողմնակալ, տեսական և մեթոդաբանական որոշակի կառուցվածքով ներկայացնել մեր հարուստ մշակույթը, ինչն այդպես էլ արված է երկու գրքերում»,-նշել է Հ. Պետրոսյանը:

Պատմական գիտությունների թեկնածու Նժդեհ Երանյանի խոսքով՝ «Արցախի կոթողային մշակույթը» գիրքը երկար տարիների հետազոտության արդյունք է:
«Գրքում ներկայացված են Արցախի տարածքի ամենավաղ շրջանի՝ մ.թ.ա 3-րդ հազարամյակից սկսած, հին հուշարձաններ, քրիստոնեական կոթողներ, փորագիր խաչքարեր»,-մանրամասնել է Ն. Երանյանը:
Հայկուհի Մուրադյանը մեզ հետ զրույցում պատմել է, որ 44-օրյա պատերազմից անմիջապես հետո նախաձեռնվեց Արցախի մշակութային ժառանգության մշտադիտարկման կայքի ստեղծման ծրագիրը:
Նախաձեռնության նպատակն է ստեղծել անկախ ակադեմիական հարթակ, որը արձանագրելու է Արցախի մշակութային ժառանգության վիճակն ու փոփոխությունները, ներկայացնելու և մեկնաբանելու է մասնագիտական գիտելիքի և ակադեմիական բարեկրթության սահմաններում:

«Շուրջ հինգ ամիս նախապատրաստական աշխատանքներ են ընթացել կայքի ստեղծման համար։ Այն գործարկվեց 2021 թվականի մայիսի 15-ին:
Այսօր ակադեմիական միջավայրում միակ աղբյուրներից է: Կայքում արդեն իսկ ներկայացված են 130 հուշարձաններ, որոնք հիմա գտնվում են ադրբեջանական օկուպացիայի տակ: Հուշարձանները ներկայացված են ակադեմիական սկզբունքների պահպանմամբ»,-ընդգծել է Հ. Մուրադյանը:Հիմնական նպատակն է 44-օրյա պատերազմի արդյունքում Արցախի Հանրապետության` Ադրբեջանին անցած տարածքների և արցախա-ադրբեջանական սահմանային գոտու անշարժ մշակութային ժառանգության, թանգարանների, մշակութային օջախների քարտեզագրումը և գույքագրումը (վիճակը մինչև պատերազմը), ընթացիկ վիճակին հետևելը և փոփոխությունների վավերացումը (ավերում, ձևափոխում, վերօգտագործում, քանդակների, պատկերների, արձանագրությունների ջնջում ու փոփոխում, նոր սիմվոլների կիրառում և այլն), միջազգային գիտական ու մշակութապահպան հանրությանը ներկայացնելը:12.jpg (1.38 MB)ԱՀ ԿԳՄՍ նախարար Անահիտ Հակոբյանը շնորհակալություն է հայտնել գրքերի ու կայքի նախաձեռնության հեղինակներին:Նրա խոսքով՝ հայրենասիրական ու նվիրական այս ձեռնարկումները համաշխարհային քաղաքակրթության ընթացիկ իրավիճակի ու առկա մարտահրավերների յուրօրինակ ընկալումն են: