Մեզ ինչպես ասել են, այդպես էլ մենք ենք մարդկանց հայտնել, սակայն լուծարման կոնկրետ փաստաթղթեր դեռ որևէ մեկը չի տեսել։ Azg.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին ասաց Արցախի ԿԳՄՍ փոխնախարար Լեռնիկ Հովհաննիսյանը՝ պատասխանելով այն հարցին, թե ինչո՞ւ են Ստեփանակերտի Վահրամ Փափազյանի անվան թատրոնը և Արցախի մի շարք ՊՈԱԿ-ներ լուծարվել հոկտեմբերի 1-ի ամսաթվով՝ Արցախի Հանրապետության պաշտոնական լուծարումից ուղիղ երկու ամիս շուտ։
«Մեզ այդ հարցով որևէ հստակ բան չեն ասել։ Ուղղակի ԱՀ կառավարությունից որոշ ժամանակ առաջ ասել են, որ պատրաստենք սեպտեմբեր ամսվա աշխատավարձը և վերջնահաշվարկները, վե՛րջ։ Ուրիշ ոչինչ չի ասվել։
Մեր հաշվապահական վարչությունը պատրաստում է սեպտեմբեր ամսվա աշխատավարձերի, վերջնահաշվարկների վճարման և արձակման նպաստների տրամադրման վերաբերյալ փաստաթղթերը։ Կրկնում եմ, առայժմ միայն փաստաթղթային աշխատանքներ են կատարվում, որևէ այլ բան չկա»,- նշեց Լեռնիկ Հովհաննիսյանը։
Նա միաժամանակ հավելեց, որ այս պահի դրությամբ Ստեփանակերտի թատրոնի կամ ՊՈԱԿ-ների աշխատակիցների հաշվարկված աշխատավարձերը չեն վճարվել։
«Մենք էլ չենք վճարվել, ոչ ոք չի վճարվել»,- ասաց Լեռնիկ Հովհաննիսյանը՝ միաժամանակ դժվարանալով հստակ թիվ նշել, թե մշակութային հիմնարկների լուծարման արդյունքում քանի մարդ է գործազուրկ դառնալու։
Ավելի վաղ Հայաստանի թատերական գործիչների միության նախագահ Հակոբ Ղազանչյանը կարծիք էր հայտնել՝ պետք է անել հնարավորը, որպեսզի Ստեփանակերտի Վահրամ Փափազյանի անվան թատրոնը շարունակի ապրել:
Նա նշել էր՝ թատրոնի անունը չպետք է ջնջվի, այդ բրենդը պետք է մնա, և թատրոնը պետք է կարողանա Հայաստանում գործունեություն ծավալել:
Հիշեցնենք, որ Հակոբ Ղազանչյանն արդեն հանդիպել է Ստեփանակերտի թատրոնի տնօրեն Արմեն Հարությունյանի հետ և առաջարկել միության դահլիճը տրամադրել թատրոնին թե՛ փորձեր անելու, թե՛ ներկայացումներ խաղալու համար: Մեծ դահլիճներ պահանջող ներկայացումների համար նախատեսվում է բանակցել մեծ թատրոնների գեղարվեստական ղեկավարների հետ։