Պատահական չեն այն խոսակցությունները, որոնք հստակ ասում են, որ ազերիները և թուրքերը բավականին լուրջ կոմպրոմատներ ունեն Հայաստանի գործող իշխանությունների դեմ։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը։
«Հենց Իրանը փակեց Ադրբեջանի համար ռազմական օդանավերի երթուղին դեպի Նախիջևան, Հայաստանը նույն օրը բացեց։ Եթե Հայաստանում լինեին ազգությամբ թուրք իշխանություններ, դժվար թե նրանք այդպես անմիջապես արձագանքեին և ճանապարհները բացեին։ Հայաստանում թուրքացված իշխանություններ են։ Վստահ եմ, որ Թուրքիան և Ադրբեջանը Նիկոլ Փաշինյանի, Արարատ Միրզոյանի, Արմեն Գրիգորյանի և «ՔՊ»-ական շատ-շատ պատգամավորների, կառավարության անդամների վրա ունեն շատ հստակ դոսյեներ, գործեր, որոնցում հստակ երևում է, թե այս մարդիկ ինչ դավաճանություն են արել»,- նշեց Իսագուլյանը՝ հավելելով, որ, եթե նրանք չկատարեն Ադրբեջանի կամ Թուրքիայի կամքը, նրանք ուղղակի այդ փաստաթղթերը կհրապարակեն և Հայաստանյան իշխանությունները կհայտնվեն շատ ավելի ծանր վիճակում, քան՝ 2020թ նոյեմբերի 9-ին, տխրահռչակ կապիտուլյացիոն փաստաթուղթը ստորագրելուց հետո։
Իսագուլյանի խոսքով՝ օր առաջ պետք է ազատվել այս իշխանություններից, քանի որ միայն իշխանափոխության պարագայում է հնարավոր պարզել, թե ինչպես են հավաքագրվել Նիկոլը և իր թիմակիցները՝ թուրք-ազերական հատուկ ծառայությունների կողմից և այն գումարը, որն իրենց տրամադրվել էր՝ Հայաստանում հեղաշրջում անելու, ովքեր են ներկրել Հայաստան և էլ ինչ փաստաթղթեր են դրա դիմաց ստորագրել։ Իսագուլյանն ընդգծեց, որ դրա համար էլ հայաստանյան իշխանություններն այսօր շատ ավելի թուրքամետ են, քան՝ թուրքերն իրենք և չեն կարող չկատարել թուրք-ազերական հատուկ ծառայությունների ցանկությունները։
«Այդ երկրների հատուկ ծառայությունները բավականին լուրջ կոմպրոմատներ ունեն հայաստանյան իշխանական համակարգի դեմ, հավանաբար, դրանով էլ վախեցնում են, ասում են, որ կարող են նախաձեռնել կամ Հայաստանում գեներացնել այս իշխանությունների հեռացումը՝ հրապարակելով այս փաստաթղթերը»,- նշեց նա՝ հավելելով, որ միայն դրանով է կարելի բացատրել այն, որ Նիկոլը և իր թիմակիցները կատարում են թուրք-ազերական հատուկ ծառայությունների ցանկացած հրահանգ։
«Իրանի Իսլամական Հանրապետությունը փակում է ի շահ Հայաստանի՝ Ադրբեջան-Նախիջևան ռազմաօդային ուժերի երթուղին, Հայաստանը նույն օրը վերաբացում է, ի դեպ, դեմ գնալով նաև Ռուսաստանին։ Հարցն արդեն վերաբերում է հայոց ժեխին։ Ժեխը կտանի մեզ կործանման և մենք հլու գառների նման կգնանք, թե կըմբոստանանք և թույլ չենք տա, որ մեր հայրենիքը կործանեն»,- նշեց Իսագուլյանը։
Ըստ Իսագուլյանի՝ ՀՀ-ի կողմից Ադրբեջանի համար օդային սահմանը բացելը կարող է քայլ լինել՝ ընդդեմ Իրանի և Ռուսաստանի, կախված է, թե ինչ հրահանգ են տվել թուրքերը, մասնավորապես, թուրքերը պարզ հասկացնում են Իրանին, որ նրանք պայքարում են Հայաստանի տարածքային ամբողջականության համար, փակում են ճանապարհը, բայց նույն հայերն այդ ճանապարհը տալիս են՝ շատ ավելի կարճ, ավելի հարմար և էժան՝ ցույց տալով, որ Հայաստանի իշխանություններն ամբողջությամբ գտնվում են իրենց վերահսկողության տակ և ասելով, որ Իրանի գործողություններն անիմաստ են։
«Նաև դրանով էր պայմանավորված, որ Իրանի որոշ գեներալներ հայտարարեցին, որ եթե անհրաժեշտ լինի Հայաստան զորք կմտցնեն՝ առանց հայկական կողմի կարծիքը հարցնելու »,- նշեց Իսագուլյանը։
Ըստ նրա՝ Իրանը դիմակայում է թուրք-ադրբեջանական տանդեմին, որին շատ մեծ աջակցություն է տալիս Անգլիան և ԱՄՆ, ինչպես նաև՝ Ուկրաինան, Վրաստանը։
Ինչ վերաբերում է տարածաշրջանում՝ Իրան-Ադրբեջան հնարավոր լարվածությանը և թե ինչ իրավիճակում կհայտնվի այդ պարագայում Հայաստանը, Իսագուլյանը նշեց, որ, ըստ իրանական կողմի հստակ երևում է, որ հայաստանյան իշխանությունները Սյունիքն արդեն վաճառել են թուրքերին, էական չէ՝ անվճար են տվել, թե ոչ։
«Դրա համար էլ կատարում են այդ կտրուկ հայտարարությունները, բայց, եթե Հայաստանյան գործող իշխանությունները մնան, կարծում եմ, նրանք նույն սցենարն են նախապատրաստում Սյունիքի համար, ինչ-որ նախապատրաստել էին Արցախի համար։ Այսինքն՝ կարճաժամկետ պատերազմ, այդ պատերազմի ընթացքում բազմաթիվ զոհեր և տարածքների զիջում՝ հանուն դարավոր խաղաղության»,- նշեց Իսագուլյանը՝ հավելելով, որ եթե շատ արագ չկարողանանք իշխանափոխություն անել, ապա տարածաշրջանում լինելու է կարճաժամկետ պատերազմ և թուրք-ադրբեջանական զորքերը Սյունիքը կտրելու են և Հայաստանն ընդհանրապես մեկուսացվելու է ամբողջ աշխարհից՝ դառնալով թուրք-ազերական շրջափակման գերին։
Աղբյուր` Փաստինֆո