Վերաքննիչ քրեական դատարանի կողմից Սամվել Կարապետյանի ձերբակալումը ոչ իրավաչափ գնահատելու փաստը որևէ առնչություն չունի Սամվել Կարապետյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու մասին դատական ակտի օրինականության և հիմնավորվածության հետ: Այս մասին 1lurer.am-ի հարցմանն ի պատասխան հայտնել են Գլխավոր դատախազությունից՝ նշելով, որ դատական ակտը ստանալուց հետո գերատեսչությունը վճռաբեկ բողոք կներկայացնի դրա դեմ:
«Մասնավորապես՝ Սամվել Կարապետյանը վարույթն իրականացնող մարմնի որոշմամբ նշված ձերբակալումից ազատ է արձակվել, հետագայում նա ձերբակալվել է այլ հիմքով, ինչը կալանքը որպես խափանման միջոց կիրառելու մասին դատարանի որոշմամբ, ինչպես նաև դրա բողոքարկման արդյունքում կայացված դատական ակտով ճանաչվել է իրավաչափ»,-նշել են Դատախազությունից:
Այսօր Կարապետյանի փաստաբանը հայտնել էր,որ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը ոչ իրավաչափ է ճանաչել վերջինիս ձերբակալումը:
Հիշեցնենք՝ Սամվել Կարապետյանը կալանավորվել էր հունիսի 18-ին: Գործարարի նկատմամբ քրեական վարույթ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 472-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ իշխանությունը զավթելու հրապարակային կոչեր հնչեցնելու հատկանիշներով։
Քննչական կոմիտեի հաղորդագրության համաձայն՝ Կարապետյանը զանգվածային լրատվամիջոցի միջոցով հարցազրույցի ընթացքում հնչեցրել է կոչեր, որոնք ուղղված են եղել «իշխանությունը զավթելուն՝ ՀՀ Սահմանադրությամբ չնախատեսված եղանակով կառավարության լիազորություններին տիրանալուն»։
Սամվել Կարապետյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը: