Factor TV-ն ուշադրությամբ հետևում է նախընտրական բանավեճի ընթացքին և առանձնացրել է այն պնդումները, որոնք կասկածելի են և կարող են ստուգվել փաստերի ստուգման գործիքներով և մեթոդներով։
Սկզբում տրվում է պնդումը, ապա դրա ստուգումը։ Բանավեճի ընթացքում Սամվել Կարապետյանի մասին Փաշինյանը նման հայտարարություն է արել․ «Սամվել Կարապետյանը Ֆրանսիայում էլ ա հետախուզման մեջ՝ փողերի լվացման համար»։ Այս հայտարարությունը բաց աղբյուրներում հրապարակումներով չի հաստատվում։
Փողերի լվացման հոդվածով քրեական գործ Ֆրանսիայում քննվում է, որն առնչվում է Կարապետյանին պատկանող գույքին։ Ֆրանսիայի Ռոկբրուն-Կապ-Մարտեն համայնքում (Պրովանս-Ալպեր-Լազուրի ափի շրջան) գտնվող Մարիա Իրինա վիլլան թղթերով պատկանում է ռուսաստանաբնակ հայ գործարար Սամվել Կարապետյանին, սակայն Փարիզի դատախազությունը կարծում է, որ դրա «իրական շահառուն» ռուսական գազային և նավթային հսկայի՝ «Գազպրոմի» դուստր ձեռնարկությունն է՝ «Գազպրոմ Նեֆթ»-ը:
Այդ մասին ավելի վաղ գրել է ֆրանսիական Le Monde-ը։ «Վիլլա Մարիա Իրինա» վերանվանված գույքը պաշտոնապես պատկանում է ռուսաստանաբնակ հայ միլիարդատեր Սամվել Կարապետյանին։ Բայց կազմակերպված հանցավորության դեմ պայքարի համար պատասխանատու ազգային կառույցը (Junalco), որը նախաքննություն է սկսել փողերի լվացման համար, կասկածի տակ է դնում այս հանգամանքը։
Բացի այդ, օրեր առաջ The Insider-ը հայտնել է, որ մանրամասն ուսումնասիրել է առանձնատան պատմությունը՝ հիմնվելով այն ընկերությունների ֆինանսական հաշվետվությունների վրա, որոնց միջոցով գրանցվել է սեփականության իրավունքը։ Այս փաստաթղթերը ցույց են տալիս, որ գույքի գնման և դրան կից պարտքերի մարման համար միջոցները տրամադրվել են «Գազպրոմ»-ի կառույցների կողմից՝ անհատույց և առանց որևէ վերադարձման հույսի, և որ ինքը՝ Կարապետյանը, կարող է համարվել գույքի միայն անվանական սեփականատեր։








