Բոլոր խնդիրները կքննարկվեն, կլուծվեն: Մենք Ռուսաստանի հետ որևիցե հարցով չենք պատերազմելու, չենք կռվելու։ Բոլոր խնդիրները փորձելու ենք լուծելով առաջ գնալ, այսօր լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով այն հարցին, որ ըստ մամուլի՝ արդեն իսկ խնդիրներ ունի Ռուսաստանում, այն է՝ հնարավոր է՝ կասեցվի «Ջերմուկ» հանքային ջրի և Պռոշյանի կոնյակի գործարանի արտադրանքի արտահանումը։
«Մենք մեզնից որևիցե սպառնալիք չենք ներկայացնում Ռուսաստանին, չենք պատրաստվում սպառնալիք դառնալ։ Նման մտադրություն չկա։ Ինչ-որ հարցեր կան, այդ հարցերը բոլոր երկրների միջև գոյություն ունեն. մի պահի բարձրանում են այդ հարցերը, շատանում են, քչանում են։ Մենք՝ քաղաքական գործիչներս, այդ հարցերը քննարկելու և լուծելու համար ենք»,- նշեց նա։
Հարցին՝ ՌԴ պաշտոնյաները ըմբռնումո՞վ են մոտենում Հայաստանի մոտեցմանը, որ մենք ԵԱՏՄ-ում կմնանք այնքան, որքան կարող ենք, ԱԺ նախագահը պատասխանեց.
«Լսեք, երբ որ ըմբռնումով չմոտենանք, կխոսենք դրա մասին։ Հիմա փաստացի արդեն ինչքան ժամանակ է, որ մենք փորձում ենք համատեղել։ Իսկ այն ժամանակ, երբ Սերժ Սարգսյանը երկու-երեք տարի բանակցեց ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագիրը, և մի գիշերվա մեջ թևից թափ տվեցին, ու ինքը մտավ Մաքսային միության մեջ, ինչ-որ պահ համատեղեց, չէ՞։ Նաև ինչ-որ փաստաթղթեր ստորագրվեցին, և ինչ-որ լուծումներ գտնվեցին։ Նմանատիպ փորձեր շատ կան»։
Հարցին՝ այսինքն՝ գործող իշխանությունն էլ կարող է մեկ գիշերվա մեջ փոխել իր դիրքորոշումը, Ալեն Սիմոնյանը պատասխանեց.
«Տարբերությունը զգացե՞լ եք Սերժ Սարգսյանի և Նիկոլ Փաշինյանի։ Իսկ Ռոբերտ Քոչարյանի և Նիկոլ Փաշինյանի տարբերությունը զգացե՞լ եք։ Օրինակ, եթե Նիկոլ Փաշինյանը չլիներ, ձեր մեծ մասը հիմա ինոագենտ կլիներ»։
Երբ լրագրողները հակադարձեցին իրենց հասցեին հնչած խոսքերին, ԱԺ նախագահն ընդհատեց ճեպազրույցն ու հեռացավ։









