ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հետաքրքրվել է, թե արդյոք Reuters լրատվական գործակալությունը նախատեսում է հերքել Սիրիայի նախկին նախագահ Բաշար ալ Ասադի՝ «ավիաաղետի հետևանքով մեծ հավանականությամբ զոհված լինելու» մասին իր հրապարակումը։ Նա այս հաղորդագրությունը որակել է «կեղծ լուրերի տարածում», գրում է ՏԱՍՍ-ը:
Ավելի վաղ Reuters-ը, վկայակոչելով երկու աղբյուրներ, հայտնել էր, որ «մեծ հավանականությամբ» Ասադը Դամասկոսը լքելուց հետո կարող էր զոհված լինել ավիավթարից։ Ավելի ուշ Կրեմլի աղբյուրը ՏԱՍՍ-ին հայտնել էր, որ Ասադն ու նրա ընտանիքի անդամները ժամանել են Մոսկվա։
«Հետաքրքիր է, արդյոք Reuters գործակալությունը, որը հայտնել է Ասադի «շատ հավանական» մահվան մասին, կհերքի իրեն: Սա կեղծիքի տարածում է, որի դեմ Արևմուտքն այդքան եռանդուն կերպով պայքարում է», – գրել է դիվանագետը Telegram-ի ալիքում:
Նոյեմբերի 27-ին սիրիական ընդդիմադիր զինված խմբավորումների անդամները լայնածավալ հարձակում են սկսել Հալեպ և Իդլիբ նահանգներում կառավարական դիրքերի դեմ։Դեկտեմբերի 7-ի երեկոյան Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադի հակառակորդները գրավել են մի քանի խոշոր քաղաքներ՝ Հալեպը, Համան, Դեյր էզ Զորը, Դարաան և Հոմսը։ Կիրակի առավոտյան նրանք մտել են մայրաքաղաք Դամասկոս, որից հետո սիրիական բանակի ստորաբաժանումները լքել են քաղաքը։ Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադը ներսիրիական բանակցություններից հետո լքել է իր պաշտոնը և երկիրը։