Երևանի ընդհանուր իրավասության դատարանում ՊՊԾ գնդի գրավման գործով տուժող կողմ ոստիկանության ներկայացուցիչ Արթուր Առուստամյանը հայցադիմում ներկայացրեց դատարան` փոխհատուցման պահանջով։
Ընդհանուր վնասի չափը կազմում է 69 մլն 225 հազար ՀՀ դրամ:
«Գումարը տարածվում է Պավել Մանուկյանի, Վարուժան Ավետիսյանի, Սեդրակ Նազարյանի, Էդվարդ Գրիգորյանի վրա, մասնավորապես, 61 մլն 301 հազար դրամի չափով գումարը ձևավորվել է կոնկրետ հրկիզման ճանապարհով մեքենաների ոչնչացումից, ինչպես նաև ներառյալ՝ Գագիկ Եղիազարյանից, Սմբատ Բարսեղյանից, Արմեն Բիլյանից, Արեգ Կյուրեղյանից՝ 7 մլն 923 հազար դրամի չափով` ՊՊԾ գնդի տարածքում շենք-շինությունների վնասումներից»,- ասաց Առուստամյանը:
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Մեսրոպ Մակյանի նախագահությամբ, որոշում կայացրեց գործով ներկայացված հայցադիմումն ընդունել վարույթ՝ նշված ամբաստանյալներին որպես պատասխանող կողմ ճանաչելով, իսկ սույն գործով ոստիկանությունն է տուժող ճանաչված։ Դատավորը նշեց, որ հայցադիմումի վերաբերյալ կողմերը պետք է դիրքորոշում ներկայացնեն՝ մինչև դատարանի կողմից սույն գործով խորհրդակցական սենյակ հեռանալը: Դատարանն այժմ լսում է պաշտպանների ճառերը:
ՊՊԾ գնդի գրավման գործով խմբի 10 անդամների գործով ներկայումս կալանքի տակ են ամբաստանյալներից Արմեն Բիլյանն ու Սմբատ Բարսեղյանը, ովքեր մեղադրվում են սպանության մեջ։ 7 ամբաստանյալի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը փոխվել է (մեղադրյալ Արայիկ Խանդոյանը մահացել է ազատության մեջ)՝ պատգամավորների անձնական երաշխավորությամբ, իսկ Պավել Մանուկյանն ազատ է արձակվել 1 մլն դրամ գրավի դիմաց:
Դատարաններում քննվում են 2016 թ. հուլիսի 17-ին զանգվածային անկարգություններ կազմակերպելու նախապատրաստության, ծանրացուցիչ հանգամանքներում սպանությունների, շենքեր, շինություններ, տրանսպորտի միջոցներ զավթելու, պատանդ վերցնելու եւ պահելու, ապօրինի կերպով հրազեն, ռազմամթերք ձեռք բերելու, պահելու, փոխադրելու, զենք, ռազմամթերք հափշտակելու, ուրիշի գույքը գաղտնի հափշտակելու եւ դիտավորությամբ ոչնչացնելու փաստի կապակցությամբ հարուցված քրեական գործերը: ՊՊԾ գնդի գրավման գործով մեղադրվում է 32 անձ։
Armenpress