«Россия сегодня» («Sputnik Азербайджан») լրատվական գործակալության Բաքվի մասնաճյուղի գործադիր տնօրեն Իգոր Կարտավիխն ազատ է արձակվել Բաքվում կալանքից, «Կոմերսանտին» հայտնել է նախագահի օգնական Յուրի Ուշակովը։
Որոշումը կայացվել է Դուշանբեում նախագահներ Վլադիմիր Պուտինի և Իլհամ Ալիեւի հանդիպումից առաջ։ Ուշակովը բանակցություններ է վարել իր ադրբեջանցի գործընկեր Հիքմեթ Հաջիևի հետ, հաղորդել է թերթը։
Ռուսաստանն իր հերթին ազատ է արձակել Ադրբեջանի ձերբակալված քաղաքացիներից մեկին։
Կարտավիխը եւ «Sputnik Азербайджан»-ի այլ աշխատակիցներ, այդ թվում՝ գլխավոր խմբագիր Եվգենի Բելոուսովը, ձերբակալվել էին հունիսի վերջին։ Ադրբեջանի ներքին գործերի նախարարությունը քրեական գործ էր հարուցել խարդախության, անօրինական ձեռներեցության եւ հանցավոր ճանապարհով ձեռք բերված ունեցվածքի օրինականացման մեղադրանքներով։