ԵՊՀ-ն համալսարանից հեռացրել է ապրիլյան պատերազմի մասնակից Մանուել Մանուկյանին, ինչը, վերջինիս փոխանցմամբ, պայմանավորված է իր քաղաքական ակտիվությամբ, հետեւապես ԵՊՀ-ի նոր ղեկավարության գործողությունները գնահատել է որպես քաղաքական հետապնդում։
«ԵՊՀ- ն ամբողջությամբ քաղաքականացված է և սպասարկում է Նիկոլ Փաշինյանի շահերը»,- նշել է նա։
Մ. Մանուկյանը սովորել է ԵՊՀ- ի «Միջազգային Հարաբերություններ» ֆակուլտետում և նախօրեին տեղի է ունեցել թեզի պաշտպանությունը, որի ժամանակ իրեն անբավարար են նշանակել։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում Մանուելը նշել է, որ թեզի վրա աշխատել է երկար ժամանակ՝ փոխդեկանի հետ, վերջնական աշխատանքում կատարվել են փոփոխություններ, լրացումներ՝ հաշվի առնելով նաեւ ներկայացված դիտողություններն ու առաջարկները։ Նշանակված անբավարար գնահատականը, նրա խոսքերով, ոչ միայն իր, այլև իր դասախոսին ուղղված վիրավորանք է, կասկածի տակ է դրվում երկար տարիներ միջազգային հարաբերություններ ֆակուլտետում փոխդեկանի ստորագրության հարցը։
Նա համոզված է՝ իրեն չնշանակելն ունեցել է հատուկ դիտավորություն. «որևիցե հիմնավոր պատճառ չունեին, գրաքննադատից սկսած, հանձնաժողովի անդամներից վերջացրած ունեին մի խնդիր, որ ինձ չնշանակեն, եթե նշանակեին մի գուցե շատերին հեռացնեին գործից։ ԵՊՀ- ում վախի և բռնության մթնոլորտ է տիրում»։
Ըստ նրա՝ իրեն համալսարանից հեռացնելու փորձ եղել է նաեւ որոշ ժամանակ առաջ՝ վարձավճարը ժամանակին չվճարելու համար։
Իր նկատմամբ իրականացվող գործողությունների հիմնական պատճառը, Մանուելի դիտարկմամբ, արտաքին քաղաքականությունն ու դիվանագիտական ինստիտուտներին ուղղված քննադատությունն է։ «Մտածում են, որ երիտասարդ եմ ու քաղաքական ճնշմամբ կարող են թուլացնել և ընկճել ինձ»,- ասում է Մանուելը ու վստահեցնում, որ նման «ստոր քայլերով անհնար է իրեն լռեցնել և կանգնեցնել»։ Նշենք, որ Մ.Մանուկյանը ոչ միայն մասնակցել է ապրիլյան, այլ նաեւ 44-օրյա պատերազմին, որի ժամանակ նաեւ վիրավորվել է ու երկարատեւ բուժում անցել։
Նա նշեց, որ դիմելու է Մարդու իրավունքների պաշտպանին։ «Հիմա փորձում եմ հասկանալ իրավիճակը»,- ասել է Մ. Մանուկյանը՝ չբացառելով նաեւ ակցիաների իրականացումը ԵՊՀ-ում։
«Եթե մի նժարին հայրենիքս է դրված, մյուս նժարին դիպլոմ, աշխատանք, կամ պաշտոն, ապա իմ պարագայում ընտրությունը Հայրենիքն է, որովհետև իմ սկզբունքներն են՝ Աստված, Հայրենիք, Ընտանիք»,- վստահեցրել է պատերազմի մասնակիցը։
Աղբյուր` Փաստինֆո