Hraparak.am-ի տեղեկություններով`ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գտնվում է Գյումրիում, այցելել է Յոթ Վերք եկեղեցի, որտեղ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս սրբազանի գլխավորությամբ սուրբ պատարագ է մատուցվում: Աղբյուրի հաղորդմամբ՝ վարչապետը հանդիպելով Սրբազանի՝ ոչ այնքան բարեհամբույր ընդունելությանը, դուրս է եկել եկեղեցուց, հեռացել անխոս, ըստ տեղեկությունների՝ նա գնացել է 58 թաղամասում գտնվող Հակոբ Մծբնեցի եկեղեցի՝ այնտեղ մատուցվող պատարագին հաղորդակից լինելու:
Միքայել արքեպիսկոպոս Սրբազանի հետ hraparak.am-ը զրուցեց պատարագից անմիջապես հետո:
Սրբազանն ասաց, որ վարչապետն, այո, եկեղեցի մտել է և արագ հեռացել:
«Մի վայրկյանով մտավ դուրս եկավ, ավելի ճիշտ՝ մոմ վառեց, գնաց, տևեց երևի 1 րոպե»,- ասել է նա և հարցին՝ ճի՞շտ է, որ վարչապետն իր կողմից սառը վերաբերմունքի է արժանացել և հավանաբար հեռացել է հենց այդ պատճառով, քանի որ ջերմ ընդունելության չի արժանացել, պատասխանել է. «Ես ինձ համար կանգնած էի, պատարագ էի մատուցում, ինչ առանձնահատուկ բան պիտի անեի ո՞ր»,-ասաց նա: