Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) 47 պատգամավոր հանդես է եկել գրավոր հայտարարությամբ, որով դատապարտել են ադրբեջանական ագրեսիան ՀՀ-ի դեմ՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ դուրս բերել զորքերը ՀՀ ինքնիշխան տարածքից և ազատ արձակել բոլոր ռազմագերիներին։
Հայտարարության մեջ ասվում է․
«Մենք՝ ներքոստորագրյալներս, հայտարարում ենք հետևյալը․
Ադրբեջանը լայնածավալ ռազմական ագրեսիա է սկսել Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի դեմ 2022 թվականի սեպտեմբերին։
Ռազմական ագրեսիայի այս չհրահրված գործողություններով Ադրբեջանը թիրախավորել է նաև Հայաստանի խիտ բնակեցված բնակավայրերի քաղաքացիական ենթակառուցվածքները՝ պատճառելով հարյուրավոր մարդկային կորուստներ, այդ թվում՝ քաղաքացիական անձանց շրջանում։ Կան սարսափելի ապացույցներ խոշտանգումների և գերի ընկած ու մահացած զինվորների, այդ թվում՝ կանանց խեղման դեպքերի մասին։
Մենք խստագույնս դատապարտում ենք Ադրբեջանի ագրեսիան, որը ՄԱԿ-ի կանոնադրության, Հելսինկյան եզրափակիչ ակտի, միջազգային մարդասիրական իրավունքի և ԵԽ-ի առջև Ադրբեջանի կանոնադրական, պայմանական և անդամակցության պարտավորությունների բացահայտ խախտում է։
Դատապարում ենք նաև Ադրբեջանի զինված ուժերի կողմից ռազմագերիների դիտավորյալ սպանությունները, խոշտանգումներն ու անմարդկային վերաբերմունքը, որոնց տեսանյութերը հրապարակվել են սոցցանցերում։
Կոչ ենք անում Ադրբեջանին զերծ մնալ Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ ագրեսիայի հետագա գործողություններից և խաղաղ ճանապարհով ներգրավվել բանակցային գործընթացի մեջ։
Մենք պահանջում ենք ադրբեջանական զինված ուժերի անհապաղ և անվերապահ դուրսբերումը Հայաստանի ինքնիշխան տարածքից և բոլոր ռազմագերի ու այլ գերիների շտապ հայրենադարձումը»։