Ադրբեջանի Ղարաբաղի տարածաշրջան կատարած այցից հետո ՄԱԿ-ի առաքելության հայտարարությունը միանգամայն հստակ ցույց տվեց, որ հայերի նկատմամբ ոչ մի հետապնդում կամ էթնիկ զտում չկա, որը կրկնում են Հայաստանի իշխանությունները և արևմտյան լրատվամիջոցները. Ադրբեջանական Report-ին հենց այսպես հայտնել է ամերիկացի լրագրող, ազգային անվտանգության վերլուծաբան, իրավաբան, Իրինա Ցուկերմանը։
«Իսկապես, սա ամենահամոզիչ ապացույցն է այն բանի, որ Բաքվի կողմից չկա քաղաքական, մշակութային կամ կրոնական ճնշում՝ հակառակ Արևմուտքում հայկական լոբբիի պնդումներին: Այնուամենայնիվ, զրպարտությունը, քարոզարշավը շարունակվում է»,- ասել է նա։
Ակնհայտ է, որ Ադրբեջանն օգտագործում է օտարազգի լրագրողներին ու փորձագետներին, նրանց կաշառում, ինչպես դա արել է Բերձորի միջանցքը փակելու առաջին իսկ օրվանից, երբ միջազգային լրատվամիջոցներին խավիար ու այլ նվերներ տալով՝ բերեց ադրբեջանցի «էկոակտիվիստների բողոքի ակցիայի վայր» և հրահանգեց կեղծ տեղեկատվություն տարածել, թե իբև միջանցքը փակ չէ։
Այս չքմեղ դեմքով փորձագետի խոսքով՝ Ադրբեջանը պետք է լայնածավալ քարոզարշավ անցկացնի՝ ընդգծելով, թե ինչ է իրականում տեղի ունենում՝ ասելով, որ Բաքուն ստիպված է եղել վերջ դնել իր տարածքում ահաբեկչական գործողություններին։
«Ղարաբաղը չլքած հայերի համար պարզ է, որ Ադրբեջանը կտրամադրի բոլոր հնարավորություններն ու իրավունքները, որոնք ունեն երկրի քաղաքացիները՝ անկախ նրանց էթնիկ պատկանելությունից, կրոնից կամ դավանանքից»։
Իրավաբան Իրինան անգամ ադրբեջանցիների «իրավունքների» հարցն է բարձրաձայնում։
«Իսկ ինչու՞ Հայաստանում, որտեղից ադրբեջանցիներին վտարել են, նրանց իրավունքների հարցը չի բարձրացվում։ Կարծես թե երկակի ստանդարտներ կան, երբ խոսքը վերաբերում է մարդու իրավունքներին և հումանիտար խնդիրներին»,- եզրափակել է ադրբեջանասեր փորձագետը: