ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում այսօր քննարկվում է «Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության մասին» կանոնակարգը վավերացնելու մասին հարցը: Հիմնական զեկուցողը փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն է, հարակից զեկուցողը՝ պատգամավոր Սարգիս Խանդանյանը:
Մհեր Գրիգորյանի համոզմամբ՝ որևէ պատրվակով Հայաստանի ու Ադրբեջանի կողմից կանոնակարգը չվավերացնելը որևէ բացատրություն չի ունենա։
«Եթե մենք ստորագրել ենք կանոնակարգը, որևէ պատրվակով այն չվավերացնելը կողմերի կողմից բացատրություն չի ունենա:
Բայց այնուամենայիվ, եթե նման բան տեղի ունենա, ապա մենք վավերացնելուց հետո ունենք վերջին փուլը, որ կանոնակարգը ուժի մեջ կմտնի, երբ մենք փոխանակվենք բնօրինակներով: Եթե վավերացման գործընթացը չավարտվի կողմերից մեկի կողմից կամ վերապահումներ սահմանվեն, ծանուցումների փոխանակում տեղի չի ունենա և պրոցեսը կընդհատվի»,-շեշտեց Մհերի Գրիոգրյանը:
Հետևաբար, ըստ փոխվարչապետի, մենք չենք ունենա մի իրավիճակ, երբ վավերացնելուց հետո հայկական կողմից փաստաթուղթն ուժի մեջ կմտնի, իսկ մյուս կողմից վավերացում տեղի չի ունենա:
«Ես չեմ հասկանում՝ ինչու պետք է չվավերացվի Ադրբեջանում այս կանոնակարգը, որովհեև եթե նման ցանկություն չլիներ, ապա ինքը ուղղակի չէր ստորագրի»,- բացատրեց նա։
Հիշեցնենք, որ Սահմանադրական դատարանի սեպտեմբերի 26-ի որոշմամբ սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Սահմանադրությանը:
Կանոնակարգի օրենքի նախագիծը Կառավարությունը հաստատել էր սեպտեմբերի 5-ին: Կանոնակարգը ստորագրվել է օգոստոսի 30-ին: