Եղիշե Չարենցի տուն-թանգարանը օգոստոսի 5-ին նվեր կստանա բանաստեղծի՝ Հայաստանի ժողովրդական նկարիչ Հրաչյա Ռուխկյանի վրձնին պատկանող դիմանկարը։ Կտավը պահվում էր մասնավոր հավաքածուներում և հանվել էր վաճառքի։ Այն ձեռք է բերել պետերբուրգաբնակ բարերար Հրաչյա Պողոսյանը, և Եղիշե Չարենցի 125-ամյակի առիթով կնվիրաբերի մեծ բանաստեղծի տուն-թանգարանին։ Հանդիսավոր միջոցառման մեկնարկը կտրվի օգոստոսի 5-ին ժամը 15։00-ին Եղիշե Չարենցի հուշարձանի մոտ, որը գտնվում է Օղակաձև զբոսայգում, Ռադիոտան դիմաց։ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Եկեղեցական հայեցակարգային գրասենյակի տնօրեն, Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը կկատարի հոգեհանգստի աղոթք՝ ի հիշատակ Եղիշե Չարենցի։ Այնուհետև, միջոցառման մասնակիցները ծաղիկներ կխոնարհեն մեծ բանաստեղծի հուշարձանի մոտ, որտեղ կլինի պատվո պահակախումբ։ Ժամը 16։00-ին Չարենցի տուն-թանգարանում տեղի կունենա Եղիշե Չարենցի դիմանկարի հանդիսավոր հանձնումը։

Ելույթ կունենան թանգարանի տնօրեն Ժաննա Մանուկյանը, բանաստեղծի թոռնուհի Գոհար Չարենցը, բարերար Հրաչյա Պողոսյանը և այլ պատվավոր հյուրեր։ Պաշտոնական մասին կհաջորդի չարենցյան հյուրասիրություն։ Նկարչի մասին Հրաչյա Ռուխկյանը (1915 – 1992թթ․) ճանաչվել է որպես Սայաթ-Նովայի դիմանկարի ստեղծող: Եղիշե Չարենցի դիմանկարը ստեղծել է 1973թ-ին։ 1985թ. արժանացել է Հայաստանի ժողովրդական նկարչի կոչման: Բարերարի մասին․ Պետերբուրգաբնակ բարերար, իր կողմից ստեղծված բարեգործական հիմնադրամի նախագահ Հրաչյա Պողոսյանի միջոցներով և նախաձեռնությամբ ստեղծվել է պատմական, մշակութային և հոգևոր ժառանգության ավելի քան 300 օբյեկտ, որոնք տեղադրված են 14 երկրներում։ Դրանց թվում են Հայոց պատմության տարբեր էջերին նվիրված ավելի քան 100 հուշարձան և խաչքար, որոնք տեղադրված են Հայաստանում և դրա սահմաններից դուրս։
Այսպես, Հրաչյա Պողոսյանի նախաձեռնությամբ 2017թ․-ին խաչքար է տեղադրվել Ղազախստանում՝ թանգարանահուշարձանային “ԱԼԺԻՐ” համալիրի տարածքում։ 1930-50-ական թթ-երին այդտեղ է գտնվել այսպես կոչված “Հայրենիքի դավաճանների կանանց Ակմոլինսկի ճամբարը”, որը ժողովրդի մեջ անվանվել է “ԱԼԺԻՐ”։ Պողոսյանի նախաձեռնությամբ տեղադրված և օծված խաչքարը նվիրված է բռնադատված և ճամբարում գտնված շուրջ 80 հայազգի կանանց հիշատակին։ Հատկանշական է, որ 1937թ-ին Եղիշե Չարենցի ձերբակալությունից շատ չանցած, որպես ազգի թշնամու կին Ղազախստան էր աքսորվել նաև բանաստեղծի երկրորդ կինը՝ Իզաբելլան։ 2022թ-ին Հրաչյա Պողոսյանի հիմնադրամը ստացել է Սանկտ-Պետերբուրգի “Պատվավոր մեկենաս” կոչումը։ Եղիշե Չարենցի տուն-թանգարան Հասցե՝ ՀՀ, Երևան, 0002, Մաշտոցի 17 Հեռ.՝ (+374 10) 53 14 12, (+374 11) 54 14 24 www.charents.am Էլ. փոստ՝ charents.museum@gmail.com





