Լուռ ու մտածկոտ հայացքով, գրիչը ձեռքս առած, դողալով, նամակ եմ գրում Բաքվում անարդարաբար պահվող իմ սիրելի դասախոսին՝ Դավիթ Բաբայանին։
– Ողջույն, պարոն Բաբայան, նույնիսկ չգիտեմ ինչպես հարցնել, թե ինչպե՞ս եք։ Պարո՛ն Բաբայան, հիշում եմ մեր առաջին դասախոսությունը, երբ դուք Արցախում էիք և այն տեղի ունեցավ հեռավար ձևաչափով։ Այդ ժամանակ ամեն ինչ ուրիշ էր, դեռ Արցախը մերն էր։
Հիշում եմ, թե որքան գիտակ էիք Ձեր գործում, ինչպես էիք պատմում «Ադրբեջան» արհեստածին պետության ստեղծման մասին, թե ինչպես և ովքեր ստեղծեցին այդ չարիք դարձած պետությունը։ Մեզ համար մեծ պատիվ էր լսել Ձեզ, ես նույնիսկ ինքնանկարահանել էի հեռախոսի էկրանը, դա մեր առաջին նկարն էր․․․ Ձեր դասախոսությունը առաջինն էր ու ցավոք վերջինը․․․հետո սկսվեց «Քառասունչորսօրյա» պատերազմը։
Հետո Արցախը հանձնվեց։ Ինձնից լավ գիտեք, թե ինչու և ինչպես դա տեղի ունեցավ։
Գիտե՞ք, ուզում եմ մի օր անպայման կարդալ Ձեր գիրքը այն մասին, թե ինչ օրեր եք ապրում այդտեղ, թե ինչու որոշեցիք հանձնվել։
Գիտե՞ք պատրաստվում եմ թեզի պաշտպանության, թեմաս «Բաքու քաղաքի հայերի պատմությունը՝ 19-րդ դարի վերջ և 20-րդ դարի սկիզբ»։ Ուսումնասիրում եմ և զայրանում։
Մենք այնպիսի դերակատարություն, այնպիսի նավթատերեր, հզոր առևտրաարդյունաբերողներ, այնպիսի մշակութային արժեքներ ենք ունեցել Բաքվում, բայց այսօր Բաքվի տերը լինելու փոխարեն սպասում ենք, թե Ձեր կամ մյուս հայերից, ովքեր պահվում են Բաքվի բանտերում ինչ նորություն կլինի, կամ թե պետությունն ինչ քայլեր է անում Ձեզ ազատելու համար։ Պետությու՞ն։
Գիտե՞ք շատ բան է փոխվել այդ պետության մեջ, բայց դա հետո։ Լա՛վ եմ հիշում, թե ինչպես էիք մեզ բացատրում, թե Թուրքիայի «պանթուրքական» նպատակների իրագործման արդյունքում, ինչպես ձևավորվեց Ադրբեջանը, բայց այսօր․․․ Պատկերացնու՞մ եք այսօր 7-րդ դասարանի Հայոց պատմության դասագրքի մեջ Տիգրան մեծի տերությաունը ներկայացնող քարտեզում նշված է Ադրբեջան։ Ք․ա 95-55 թվականներին Ադրբեջա՞ն։
Ես զայրացած եմ։
Հուսամ, որ Ձեր առողջական վիճակն այնքան լավ կլինի, որ կկարողանաք դիմանալ այդ անմարդկային պետության մեջ։ Վստա՛հ եմ անպայման վերադառնալու եք։ Ինձնից լավ գիտեք, որ պատմաբանին բնորոշ չէ ավերլորդ հուզականությունը, ծէզ պէնդ պըհեցա՛ք։
Հիշում եմ, որ ասում էիք, որ Ձեր արյունակցական կապերը տանում են դեպի Սյունիք, բարևում ենք Ձեզ Գորիսից։ Հիշե՛ք Նժդեհին։
Ազգը սպասում է Ձեզ պարոն Բաբայան։ Բարևեք նաև Ձեզ հետ պահվող մյուս հայերին։ Հույսի ու հավատի նշույլներ ենք ուղարկում ձեզ։
Պէնդ կըցաք, Աստուծ ձեզ պահի։
Հրանուշ Մաթևոսյան