Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը վստահեցնում է, որ Բաքվում անազատության մեջ պահվող հայ գերիների ազատ արձակման խնդրի ուղղությամբ ամենօրյա և անդադար աշխատանք է իրականացվում:
Նա այս մասին ասել է «Արմենպրես»-ին և «Շանթ» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում:
ՀՀ նախագահի խոսքով՝ բոլորին էլ հետաքրքրում և անհանգստացնում է Բաքվում պահվող հայ գերիների վիճակը:
«Եթե անցյալ տարի մենք խոսեինք իրար հետ, նորից ռազմագերիների հարցը օրակարգում կար, քանի որ ավելի մեծ քանակությամբ մեր հայրենակիցներ գտնվում էին անազատության մեջ: Եվ դեկեմբերին ստացվեց, որ մենք կարողացանք Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների, ներկայացուցիչների պայմանավորվածության համաձայն՝ 32 ռազմագերու ազատել», – ասաց նախագահը՝ հիշեցնելով, որ բավականին երկար ժամանակ այդ թեմայի շուրջ անազատության մեջ գտնվողների ծնողները, հարազատները հարցումներ էին կատարում նրանց ճակատագրի վերաբերյալ:
Նախագահը վստահեցրեց, որ գերիների վերադարձի շուրջ աշխատանքը կատարվում է անընդհատ կերպով:
«Ինչպե՞ս կստացվի, որտե՞ղ կստացվի, ի՞նչ պայմանավորվածություն ձեռք կբերվի, դրա մասին ես հիմա չեմ էլ կարող խոսել, որովհետև այդ խոսակցությունների արդյունքում մենք ինչ-որ եզրահանգման պետք է գանք և պետք է հասկականք, թե ի՞նչը պետք է հիմք հանդիսանա կամ առիթ հանդիսանա, որպեսզի Ադրբեջանը համոզվի, որ իսկապես ռազմագերիների ազատ արձակումն անհրաժեշտ է», – ասաց ՀՀ նախագահը։
Վահագն Խաչատությանի դիտարկմամբ՝ այն աշխատանքները, որոնք իրականացվում են իշխանության շրջանակներից դուրս, պետք է նպաստեն և համահունչ լինեն այդ աշխատանքներին, այլ ոչ թե վիճակն ավելի սրեն, որպեսզի չխանգարեն այդ ուղղությամբ իշխանությունների կողմից իրականացվող աշխատանքներին:
«Որևէ մեկս այսօր չենք կարող երաշխիք տալ, որ, օրինակ, վաղը կամ մյուս օրն այդ մարդիկ ազատ կարձակվեն, բայց ես կարող եմ ասել կամ երաշխավորել, տեղյակ պահել, որ իսկապես այդ աշխատանքները կատարվում են, և մենք որևէ պահի հաստատ հաջողության կհասնենք», – ընդգծեց ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը: