Խաղաղության պայմանագիր չկա, ավելին՝ նոր պահանջներ են դրվում Հայաստանի առաջ։ Անթույլատրելի եմ համարում, որ հայ ժողովուրդը և պատգամավորները տեղյակ չեն, թե այդ փաստաթղթի բովանդակությունն ինչ է, բայց այն այս իշխանությունները պատրաստվում են ստորագրել. Խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը։
Ինչպես հայտնի է՝ 4 պատգամավորներով (Աննա Գրիգորյան, Քրիստինե Վարդանյան, Արթուր Խաչատրյան, Գեղամ Մանուկյան) հայց ենք ներկայացրել, որպեսզի այդ ապօրինությունը չեղարկվի, որովհետև ԱԳՆ-ից պատասխան է եկել՝ «թույլ չենք տալիս, որ այդ փաստաթղթին ծանոթանանք, որովհետև նպատակահարմար չենք համարում»։
«Ոչ թե Արարատ Միրզոյանը նպատակահարմար չի համարում, այլ Նիկոլ Փաշինյանից հերթական sms-ն է եղել՝ Ադրբեջանի կողմից հնչեցված պահանջներին ի պատասխան։
Մենք հետևողական ենք լինելու, որովհետև անթույլատրելի է բանակցությունների գնալ և հայ ժողովրդի մեջքի հետևում հերթական զիջումներն անել։ Արդեն խոսվում է, որ ադրբեջանցիները վերադառնալու են Հայաստան։ Աբսուրդ է՝ այսօր հայ հասարակության քննարկման առարկան են դարձրել Հովիկ Աղազարյանի անձնական կյանքին վերաբերող հարցեր, բայց հայ ժողովրդին վերաբերող փաստաթղթի մասին որևէ տեղեկատվություն չկա»,- փաստերն արձանագրեց Աննա Գրիգորյանը։
Նա պատմեց, որ որոշ ժամանակ առաջ արցախցիների վերադարձի իրավունքի մասին միջոցառում են կազմակերպել, տարածքի տրամադրման ու տարատեսակ այլ հարցերի հետ կապված խոչընդոտներ են ստեղծվել, բայց Ադրբեջանում ամենաբարձր մակարդակով խոսում են, որ եթե մեկ հայ վերադառնա «Ադրբեջան»՝ նկատի ունենալով օկուպացված Արցախը, ուրեմն ադրբեջանցիներն էլ պիտի վերադառնան «արևմտյան Ադրբեջան»։
«Նույնիսկ Հայաստան չեն ասում, ասում են՝ վերադառնան «արևմտյան Ադրբեջան»։ Անվտանգության ռիսկերը հաղթահարված չեն, բանակցություններն ուղղակի փակուղի են մտել, մեզ համար ավելի վատ պայմաններ են ստեղծված»,- խոսքն ավարտեց Աննա Գրիգորյանը։