Տարիներ շարունակ Հայաստանում մեկ գերատեսչության ներքո կենտրոնացել են երկու տարբեր ինստիտուտներ։
Դա խաթարում է մեր երկրի պաշտպանության, ԶՈՒ համակարգի արդյունավետ կառավարումը և լրացուցիչ բյուրոկրատական և այլ խնդիրներ է առաջացնում։
ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում այսպես ներկայացրեց ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի պաշտոնին վերաբերող կարգավորումների նախագծի անհրաժեշտությունը։
Այս համատեքստում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գուրգեն Մելքոնյանը հարց բարձրացրեց, թե իրավական նոր կարգավորման դեպքում պատերազմի պարագայում ո՞ր պաշտոնյան է լինելու պատասխանատուն, և ո՞վ է ղեկավարել 44-օրյա պատերազմը։
Պապիկյանը պատասխանեց, որ թե՛ գործող ու թե՛ նոր օրենքով յուրաքանչյուր պաշտոնյա պատասխանատու է իր մասով, բայց քաղաքական պատասխանատուն պաշտպանության նախարարն է։