Շոտլանդիայում գտնվող Trump Turnberry Golf Club-ը, որը պատկանում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին, ենթարկվել է վանդալների հարձակմանը, հայտնում է Bild-ը։ Պաղեստինամետ ակտիվիստները կարմիր ներկով ներկել են տարածքը և թողել քաղաքական կարգախոսներ՝ բողոքելով Գազայի նկատմամբ Թրամփի դիրքորոշման դեմ: Կանաչ սիզամարգին մեծ տառերով հայտնվել են «GAZA IS NOT 4SALE» բառերը։ Բացի այդ, ասֆալտի վրա գրված են եղել «Ազատ Գազա», «Ազատ Պաղեստին» և Թրամփին ուղղված վիրավորանքներ։
Անհայտ անձինք նաև մի քանի անցք են փորել դաշտի վրա՝ վնասելով մակերեսը։ Ինչպես նշում է Daily Mail-ը, հարձակումն իրականացրել է Palestine Action կազմակերպությունը, որը դեմ է ԱՄՆ քաղաքականությանը Մերձավոր Արևելքում հակամարտության առնչությամբ։ «Թրամփը կարծում է, որ կարող է տնօրինել Գազայի հատվածը, կարծես դա իր սեփականությունն է։ Մենք ցույց տվեցինք նրան, որ նրա ունեցվածքը նույնպես ապահով չէ»,-ասել է Palestine Action-ը սոցիալական ցանցերում:
Trump Turnberry Golf Club-ը, որը հիմնադրվել է 1906 թվականին, Թրամփը գնել է 2014 թվականին 60 միլիոն դոլարով։ Այնուհետև նա այնտեղ մեծ վերակառուցում իրականացրեց՝ այն վերածելով աշխարհի լավագույն գոլֆի ակումբներից մեկի: