Ալիևների կողմից տարածված լուսանկարն, ըստ երեւույթին, արվել է Ռազդարա կոչվող տարածքում, որը Ներքին Հանդից մոտ 2-3 կմ հեռավորության վրա է։ Այնտեղ է Սոսիների բնական պուրակի մի հատվածը։ «Փաստինֆո»-ի հետ զրույցի ժամանակ այս մասին ասաց Շիկահողի համայնքապետ Նարե Ղազարյանը։
Համայնքապետի խոսքով՝ մեր և ադրբեջանական կողմին հանձնված տարածքի միջև բաժանում չկա, չեզոք գոտի չկա և մի քանի քայլի տարբերություն է. «Ներքին Հանդ գյուղը վերջանում է, եւ մի քանի կմ ներքև սկսվում են հակառակորդին հանձնված տարածքները, որի մեջ մտնում է նաև Սոսու պուրակի որոշ հատվածը։ Ներքին Հանդ չեն մտել, Սյունիքի իրենց հանձնված տարածքներ են մտել։ Դրանք մեր տարածքներն են եղել, բայց ներկա պահին նրանց են պատկանում»,-ասաց Նարե Ղազարյանը։
Նրա խոսքով Ալիևների այնտեղ գնալն ու լուսանկար հրապարակելը բոլորի մոտ խուճապ առաջացնելու նպատակ է հետապնդում, սակայն համայնքապետը վստահեցնում է՝ իրենք ոչ թե վախենում, այլ նյարդայնանում են. «Նրանք շատ լավ են գիտակցում՝ որտեղ են եկել ու ինչու են հատուկ այդ ծառերի կողքին նկարվել։ Ադրբեջանում երբեք սոսիների ծառեր ու պուրակներ չեն եղել։ Դրանք մերն են, մեր պատմական ծառերը, տարածքները, որոնք հանձնվել են նրանց և դրա համար էլ հատուկ նկարվել են ծառերի կողքին»։
Հարցին՝ արդյոք սա հակառակորդի հերթական գործողությունն է՝ միտված հայաթափմանը, Նարե Ղազարյանն ընդգծեց՝ հայաթափում չի լինելու, քան որ եթե գյուղերը հայաթափվեին, ապա դա դեկտեմբերի 25-ին կլիներ, երբ թշնամին կանգնեց անմիջապես նրանց ճանապարհներին. «Այն, որ թուրքը մեր տարածքում է, մեզ համար նորություն չէ։ Ուղղակի այստեղ ավելի նյարդայնացնող էր, որ հենց թուրք ղեկավարն է արդեն հասել տվյալ տարածքներ։ Բայց հայաթափում երբեք չի լինի։ Ինչքան մոտենան, այդքան վատ իրենց համար։ Թող մոտենան ու այդ ժամանակ կտեսնեն»,-ասաց համայնքապետը։
Նարե Ղազարյանը վստահեցնում է, որ գյուղացիների հոգին ուժեղ ու անկոտրում է։ Նրանք շատ բան են տեսել, պարզապես նյարդայնանում են, երբ ամեն անգամ անցնում են նախկինում մեզ պատկանող տարածքով ու տեսնում զինված թուրքին այնտեղ կանգնած. «Առավել ևս, երբ այդ ճանապարհով առանց զենք ես անցնում, քանի որ մինչև հիմա կառավարությունը չկարողացավ գյուղացիներին զենք տրամադրելու որոշում կայացնել»,-ասաց համայնքապետը։
Անդրադառնալով անասնապահության հետ կապված գյուղացիների խնդիրներին, Նարե Ղազարյանն ասաց, որ սահմանը խառն է և հակառակորդը տարբեր կողմերից սահման ունեն։ Շիկահողում էլ կան արոտավայրեր, որոնք նրանց սահմանում են մնացել. «Ներքին Հանդի բնակիչներն են բավականին բարդ իրավիճակում հայտնվել։ Ներքին Հանդի արոտավայրերը մոտ են սահմանին, և Աստված չանի, եթե մի գյուղում հովիվների ու ադրբեջանցիների միջև մի բան է պատահում, արդեն մտավախություն է առաջանում, որ դա կարող է շարունակական լինել»,-նշեց Նարե Ղազարյանը։
Հիշեցնենք, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կինը՝ Մեհրիբան Ալիևան, իր ինստագրամյան էջում լուսանկարներ է հրապարակել, թե ինչպես է Ալիևների ընտանիքը ժամանակ անցկացնում Սյունիքի մարզի Սոսիների պուրակում։
Աղբյուր` Փաստինֆո









