Ռուսական Политическое Oбозрение հրատարակությունը հոդված է հրապարակել, որում անդրադարձել է հայ-ռուսական դաշինքին և հայ-ռուսական հարաբերությունների ներկայիս իրավիճակին: Հոդվածում մասնավորապես ասվում է, որ երեկ խորհրդարանում պատասխանելով իր իսկ կողմից տրված հռետորական հարցին, թե ինչպես կարող է երկիրն ապահովել իր անվտանգությունը, Նիկոլ Փաշինյանը միանշանակ պատասխանել է. «Միայն Ռուսաստանի հետ ռազմական դաշինքում լինելով»:
Փաշինյանը չի թաքցրել, որ հիմնական նպատակը, որի իրականացումը ինքը անհրաժեշտ է համարում, ինտեգրման այն մակարդակն է, որով «հարձակումը Հայաստանի վրա կնշանակի հարձակում Ռուսաստանի վրա»: Այս խոսքերից հետևում է, որ Երևանը ձգտում է, եթե ոչ ամբողջությամբ, ապա առավելագույն չափով լիազորություններ տրամադրել Մոսկվային իր անվտանգությունն ապահովելու համար: Կարելի է հասկանալ նման ցանկությունը. ի վերջո ոչ միայն Ադրբեջանը, այլև ցանկացած շատ ավելի լուրջ թշնամի չի համարձակվի զինված առճակատման գնալ Ռուսաստանի հետ:
Անկասկած, Անդրկովկասում Ռուսաստանի ռազմական ներկայության ընդլայնումը կլինի մի գործոն, որն ի վիճակի է դրական ազդեցություն ունենալ այս դժվար տարածաշրջանի անվտանգության մակարդակի վրա: 102-րդ ռազմաբազայում տեղակայված զորախմբի ներկայիս թիվը 5000 է, սակայն հայ-ադրբեջանական «սառեցված» հակամարտության և Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի և հետագա ճակատագրի անորոշության լարված պայմաններում դժվար թե այն բավարար համարվի լուրջ ծառայողական և մարտական առաքելություններ իրականացնելու համար:
Ինտրիգը կայանում է միայն մի բանում. ի՞նչ է իրականում իրենից ներկայացնում հայ-ռուսական հարաբերությունների համատեքստում Նիկոլ Փաշինյանի ներկայիս «մտքի պայծառացումը». Փաշինյանը մինչ այժմ եռանդ չի ցուցաբերել Հայաստանի և Ռուսաստանի միջև կապերի ամրապնդման գործում և, բավականաչափ ամուր հիմնավորումներով, բոլորովին էլ չի դասվում «հետխորհրդային տարածքի» ռուսամետ քաղաքական գործիչների շարքին: Դժվար է հասկանալ՝ արդյոք սա ծանր պարտություն կրած Փաշինյանի կողմից իրական գիտակցո՞ւմ է առ այն, որ Ռուսաստանի հետ համընդհանուր կապերի, այդ թվում` ռազմական ոլորտում, ամրապնդմանն այլընտրանք չկա, թե՞ սա ընտրողների հետ «սիրախաղ անելու» հերթական փորձն է: Հնարավոր է, Փաշինյանը սա նախաձեռնել է իշխանությունը պահպանելու համար կամ սպասվող ընտրությունների պատճառով:
Պետք չէ մոռանալ, որ Փաշինյանի շուրթերից հնչած քննադատությունը ռուսական «Իսկանդեր» հրթիռային համակարգերի հասցեին Երևանում քաղաքական ճգնաժամի հերթական, առավել սուր փուլի պատճառ էր դարձել: Սա, ըստ էության, բաց առճակատման առիթ էր հանդիսացել նրա և Հայաստանի բարձրաստիճան զինվորականների միջև, որոնք, ի վերջո, պահանջել էին Փաշինյանի հրաժարականը, որպես մարդու, որը փորձում է «սեպ խրել» Մոսկվայի և Երևանի միջև՝ կասկածի տակ դնելով երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցության արդյունավետությունը:
Ինչպես էլ լինի. Հայաստանի կառավարության ղեկավարը հաստատապես խոստացել է թողնել իր պաշտոնն այս ամիս: Առջևում նոր վարչապետի ընտրությունն է, որն անցկացվելու է երկրի խորհրդարանի կողմից: Ով էլ կանգնի իշխանության ղեկին, կարևոր է, որ այդ մարդը հասկանա այն ճշմարտությունը, որն այդքան ուշացած է հնչեցրել Փաշինյանը. առանց Ռուսաստանի ռազմական աջակցության Հայաստանի անվտանգությունն անհնար է:
168.am