Պետությունը պետք է գնահատի իր պոտենցիալը՝ սեփական բանակ, անվտանգային համակարգ, և որքան ուժեղ է պետությունը, այնքան ավելի գրավիչ գործընկեր է այլ պետությունների համար, մի շարք ԶԼՄ-ներին տված հարցազրույցում ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։
«Մենք մեր այսօրվա կեցվածքով բեռ-պարտնյոր ենք։ Փոքր երկիրը պետք է որոշակի կոմպլեմենտարության քաղաքականություն ունենա, բայց չի կարող շպագատի մեջ լինել։ Հայաստանն այս տարածաշրջանում միայնակ ի վիճակի՞ է իր անվտանգությունն ապահովվել։ Չեմ կարծում։ Չի կարող։ Ուրեմն առաջին հերթին քո ներսում քո բանակով պետք է զբաղվես և հնարավոր աշխարհաքաղաքական պարտնյորների հետ այն գործընկերությունը սահմանես, որը կկոմպենսացնի քո ունեցած բացը։ Ես չեմ տեսնում, որ այս իշխանությունն այդ ուղղությամբ ինչ-որ բան անում է։
Այսօր մտածել, որ եվրոպացին կարող է Հայաստանում որևէ անվտանգային հարց լուծել, մանկամտություն է։ Մակրոնը կարող է սիրուն հայտարարության անել, մենք ուրախանանք, բայց դրանով ամեն ինչ ավարտվի։
Կա երեք պետություն, որոնք այս տարածաշրջանում հողի վրա կարող են դերաակատար լինել՝ ՌԴ, Թուրքիա, Իրան։ Ամենից մոտ պետությունը մեզ համար Ռուսաստանն է։ Թուրքիայի հետ մեր հարաբերությունները ծանրաբեռնված են պատմական շատ ծանր բեռով։ Մենք պետք է ճիշտ կողմնորոշվենք և ասենք՝ մեր անվտանգության համար ինչ է պետք. դա այն է, ինչ առաջին նախագահից մինչև երրորդ նախագահ Հայաստանն անում էր։ Ուրեմն այդ հարաբերությունները ոչ թե շպագատով փորձել կարգավորել, այլ ռազմավարական-դաշնակցային հարաբերություններ կառուցել»,- ասաց Ռոբերտ Քոչարյանը։ ՀՀ երկրորդ նախագահը հռետորական հարց հնչեցրեց՝ կա՞ մեկ այլ պետություն, որն ավելի շատ է շահագրգռված Հայաստանի հետ հարաբերություններով, քան Ռուսաստանը։
«Մենք կարող ենք նստել և երազել։ Երբ դու բարեկամներից թշնամիներ ես սարքում, կասկածամտություն ես մտցնում, թե ով ես։ Ես չեմ հասկանում՝ Հայաստանն այսօր ինչ քաղաքականություն է վարում՝ իրավիճակային քաղաքականություն։ Սա խայտառակություն է, որը շատ ծանր հետևանքների է բերում։ Այդ խաղերի պատճառով է, որ մի երկու տարի առաջ չստացանք այն աջակցությունը, որը սպասում էինք»,- ամփոփեց Քոչարյանը