ՀՀ մրցակցության պաշտպանության հանձնաժողովը հայտնի ռեփեր Սնուպ Դոգի՝ դեռևս անցած տարվա սեպտեմբերին նախատեսված և չկայացած համերգի ֆինանսավորման վերաբերյալ վարույթ է հարուցել առերևույթ արգելված պետական օժանդակության հատկանիշներով։ Տեղեկությունը հայտնում է ՄՊՀ-ն։
Նշվում է, որ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից տնտեսական մրցակցության բնագավառում իրավախախտման վերաբերյալ վարույթ հարուցելու հարցը հանձնաժողովը քննարկել է սեպտեմբերի 3–ի նիստում։ Նիստի ընթացքում ներկայացվել է ՄՊՀ համակենտրոնացումների և պետական օժանդակության գնահատման բաժնի` 2024 թ. օգոստոսի 29–ի զեկուցագիրը, որը վերաբերել է «Համաշխարհային աստղի հայաստանյան հյուրախաղեր» երաժշտական նախագծի շրջանակում արտիստ Սնուպ Դոգի հայաստանյան համերգը կազմակերպելու նպատակով 2023 թ. ստեղծված «Դոպինգ Սփեյս» ՍՊԸ առերևույթ արգելված պետական օժանդակության տրամադրմանը:
«Պետական օժանդակություն տրամադրող մարմինները պետական օժանդակության բոլոր գործերն ուղարկում են ՀՀ մրցակցության պաշտպանության հանձնաժողով՝ գնահատման»,– Sputnik Արմենիայի հետ զրույցում պարզաբանեց հանձնաժողովի մամուլի խոսնակ Անի Սմբատյանը։
ՄՊՀ–ն արձանագրել է, որ Սնուպ Դոգի հայաստանյան համերգը կազմակերպելու նպատակով «Դոպինգ Սփեյս» ընկերությանը օժանդակություն տրամադրման հարցում դրսևորվել է ընտրողականություն, քանի որ ծրագրի իրականացումը վստահված է մեկ տնտեսավարողի՝ առանց մրցույթի: Չկան հստակ մեխանիզմներ` կապված տոմսերի վաճառքից ստացված գումարների բաշխման սխեմայի մասով. տոմսերի վաճառքից գոյացած հասույթն ամբողջությամբ տնօրինելու էր միակ տնտեսվարող սուբյեկտը:
Ի դեպ, ՀՀ կառավարության 2023 թ. օգոստոսի 11–ի որոշմամբ` «Համաշխարհային աստղի հայաստանյան հյուրախաղեր» երաժշտական նախագծի շրջանակներում հիփ-հոփ արտիստ Սնուպ Դոգի հայաստանյան համերգը կազմակերպելու նպատակով «Դոպինգ Սփեյս» ընկերությանը տրամադրվել է 2 մլրդ 318 մլն 596 800 դրամ։ ԿԳՄՍՆ-ի և ընկերության միջև կնքված պայմանագրով գումարը տրամադրվել է դրամաշնորհի տեսքով։