«Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության Քաղաքական խորհրդի հայտարարությունը՝
Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի ապօրինի դատապարտման կապակցությամբ
«Դեմոկրատական այլընտրանք» կուսակցությունը խորը մտահոգությամբ արձանագրում է, որ Հայաստանի Հանրապետությունում բարձրաստիճան
հոգևորականը դատապարտվել է երկու տարվա ազատազրկման՝ կարծիք հայտնելու համար։
Սա ոչ թե իրավական, այլ՝ քաղաքական որոշում է, որը հարված է հասցնում խոսքի ազատությանը, խղճի ազատությանը և իրավական պետության հիմքերին։
Այն վկայում է, որ իշխանությունը փաստացի սկսել է ավտորիտարիզմի հաստատման գործընթաց՝ փորձելով լռեցնել բոլոր այլախոհ ձայները։
Այս դատավճռով Հայաստանը մտնում է ավտորիտարիզմի հաստատման հերթական փուլ։
Դատական համակարգը վերջնականապես վերածվում է իշխանության կամքը սպասարկող մեխանիզմի՝
կորցնելով իր անկախությունը և դառնալով քաղաքական հաշվեհարդարի գործիք։
Պետությունը շեղվում է ժողովրդավարական և իրավական զարգացման ուղուց՝
կառավարման համակարգը կառուցելով վախի, հնազանդության և լռության վրա։
Հայաստանում այլախոհությունը այլևս չի ընկալվում որպես ժողովրդավարության բնական տարր, այլ դիտվում է որպես իշխանության համար վտանգավոր երևույթ՝ արժանի պատժի։
Սա դատական սխալ չէ, այլ՝ համակարգային գործընթաց,
որի նպատակը հասարակության վերահսկումն է և իշխանության ինքնապահպանությունը՝
օրենքի, ազատության և մարդու արժանապատվության հաշվին։
Այս դատավճիռը ուղղված է ոչ միայն մեկ հոգևորականի, այլ՝ Հայ Առաքելական Եկեղեցու և նրա հասարակական առաքելության դեմ։
Այն տեղավորվում է վերջին տարիներին հետևողականորեն վարվող հակաեկեղեցական և հակազգային քաղաքականության տրամաբանության մեջ, որի նպատակն է թուլացնել Եկեղեցու հեղինակությունն ու սահմանափակել նրա ազդեցությունը հասարակական կյանքի վրա։
«Դեմոկրատական այլընտրանքը» համոզված է, որ.
● Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի դեմ հարուցված գործը իրավական հիմք չունի և ունի բացահայտ քաղաքական բնույթ,
● Դատական համակարգը կորցրել է իր անկախությունը և ծառայում է իշխանական վերահսկողությանը,
● Դատավճիռը խորացնում է հասարակության բևեռացումն ու քայքայում ազգային համերաշխությունը։
Այս ամենը լրջագույն հարված է հասցնում Հայաստանի միջազգային հեղինակությանը և կասկածի տակ է դնում մեր երկրի՝ ժողովրդավարական արժեքներին հավատարմության մասին բոլոր հայտարարությունները։
«Դեմոկրատական այլընտրանքը» հայտարարում է․
● Միքայել Աջապահյանի գործը միայն մեկ հոգևորականի դատավարություն չէ։
Այն դարձավ ազատության, արժանապատվության և ինքնության փորձաքարը։
Այս դատավճռով դատվում է ոչ թե մարդը, այլ՝ ազատ խոսքն ու ազատ մտածողությունը։
Մենք պահանջում ենք՝
Անմիջապես չեղարկել դատավճիռը և ազատ արձակել ոչ միայն Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին, այլ նաև՝ Բագրատ Սրբազանին, Սամվել Կարապետյանին,
մյուս քաղբանտարկյալներին:
Վերականգնել դատական իշխանության անկախությունը և ապահովել արդար դատաքննության իրավունքը,
Դադարեցնել Եկեղեցու, հոգևորականների և այլախոհ քաղաքացիների նկատմամբ իրականացվող քաղաքական հետապնդումները:
Մենք զգուշացնում ենք՝
այս դատավճիռը վտանգավոր նախերգանք է առաջիկա 2026 թվականի խորհրդարանական ընտրությունների համար։
Երկիր, որտեղ մարդը կարող է բանտարկվել իր համոզմունքների համար,
չի կարող ունենալ ազատ, արդար և մրցակցային ընտրություններ։
«Դեմոկրատական այլընտրանքը» կոչ է անում Հայաստանի քաղաքական ուժերին, քաղաքացիական հասարակությանը և միջազգային գործընկերներին՝ չլռել։
Այսօր խոսքը ոչ միայն Միքայել Աջապահյանի, այլ՝ Հայաստանի՝ որպես ժողովրդավարական և ինքնիշխան պետության ապագայի մասին է։
Մենք պաշտպանում ենք ոչ Հայաստանի ազատությունը և քաղաքացու արժանապատվությունը։
«Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության Քաղաքական խորհուրդ
Երևան, 2025 թ. հոկտեմբերի 4