ՎՈՒՅ ԱՄԱ՜Ն, ԱՄԱ՜Ն
ԱՄԱՆ բառի օգնությամբ հայերն ու մեր հարևան ժողովուրդները ափսոսանք, վիշտ, ցավ ու վախ են արտահայտում՝ «ամաա՜՜ ն», «վույ աման», «ուֆ աման» , «աման – Աստված» և այլն։
Ձայնարկություն համարվող այս բառը մինչև թուրքերենի միջնորդությամբ արաբերենից մեզ փոխանցվելը, փոխատու լեզվում ունեցել է AMN (امن) տեսքով արմատ ու բայական հիմք՝ որից էլ կազմվել են մի շարք արաբերեն բառեր՝ amin(امین) , amanat(امانه) , amn (امن) , որոնք էլ իրենց հերթին բարդ կամ ածանցավոր բառերի համար հիմք են ծառայել։
Հայերեն «ԱՄԱՆ-ԱՍՏՎԱԾ» ձևին համապատասխանում է արաբերեն Amanullah (امان الله) բառը, որը նաև անձնանուն է և տրվում է զավակներին անվտանգ կյանք երաշխավորելու ակնկալիքով։
«Ամանուլլահ» բառացի նշանակում է ապավինել Աստծուն։ Դրա եբրայերեն տարբերակը՝ Էմանուել ձևն է, որի հայերեն տարբերակն է Մանվել անձնանունը։
Արաբերեն AMN արմատից հայերի մոտ կա նաև ԷՄԻՆ անձնանունը, որը նշանակում է հավատարիմ, ճշմարտագործ։ Վստահելի առևտրականի համբավ վայելած Մուհամմեդ մարգարեին ԱՄԻՆ պատվանունով էին կոչում։
«Ավանդ» և «գրավ» իմաստներով հայերեն ԱՄԱՆԱԹ բառն էլ նույն AMN արմատից է, որն ամենայն հավանականությամբ պարսկերենի միջբնորդությամբ է հայերենին անցել։
Ձայնարկություն համարվող հայերեն ԱՄԱ՜Ն բառը ժամանակին արաբական աշխարհում ռազմական տերմինի արժեք է ունեցել։ Այն լայնորեն կիրառվել է հատկապես «անհավատների» (کافر) կողմից «հավատացյալներից» (مؤمن) ապաստան խնդրելու ժամանակ։ Սակայն իսլամի պատկերացրած «ապաստան խնդրելու» հասկացությունը միանգամայն տարբերվում է այդ եզրույթի համար միջազգային իրավունքի պատկերացրած սահմանումից։ Քանի որ իսլամի սահմանած ԱՄԱՆ-ը գաղափարախոսական ու կրոնագիտական եզրույթ է։
Ռազմական գործողությունների ժամանակ ԱՄԱՆ նշանակում էր այն իրավիճակը, երբ պարտված կողմը, սպիտակ դրոշ բարձրացնելու փոխարեն, բացականչում էր «ԱՄԱՆ» (امان) , (խաղաղություն, հաշտության կամ ապաստան ստանալու խնդրանք, հանձնվելու առաջարկ և այլն) որից հետո պատերազմում հաղթական դիրք գրաված կողմը խորհում էր ռազմական գործողությունները դադարեցնելու կամ շարունակելու մասին։ Նման իրավիճակներում «ԱՄԱՆ» տրվում էր թե՛ անձին, և թե՛ զորախմբին, ու երաշխավորվում նրանց կյանքի ու գույքի անվտանգությունը։
Ժամանակին, երբ Արցախի առաջին պատերազմում մենք հաղթական դիրք էինք գրավել, միգուցե արժեր մի քիչ ավելի երկար խորհել ադրբեջանցիների աղերսած «ԱՄ՜Ա՜Ն»-ի մասին։
Ուֆ աման, եսիմ, է՞…
Գրիգոր Առաքելյան
Պատմական գիտությունների թեկնածու, դիվանագետ