Վարդենիսում ամանորյա զարդարանք ու տոնածառ չի լինի այս տարի: Այս մասին հայտնում է Վարդենիսի համայնքապետարանը:
«Սիրելի’ վարդենիսցիներ, բոլորիս հիշողություններում դեռ թարմ է Ադրբեջանի կողմից սանձազերված սեպտեմբերյան ագրեսիան։
Վարդենիս համայնքը ագրեսիայից ամենաշատ վնաս կրած համայնքներից է։ Մենք չենք մոռացել հանուն հայրենիքի հերոսաբար ընկած մեր արի տղաներին, իրենց կորստի ցավը մեր սրտերում է։
Այս ցավալի հանգամանքները հաշվի առնելով` Վարդենիսի համայնքապետարանը որոշում է կայացրել. Վարդենիս համայնքում ամանորյա ավանդական զարդարանք այս տարի չանել։
Սիրելի’ վարդենիսցիներ, հուսով ենք` ըմբռնումով կմոտենաք, իսկ մեր երեխաների համար կկազմակերպվեն ամանորյա հետաքրքիր միջոցառումներ։
Հարգանքով` Վարդենիսի համայնքապետարան»։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 15-ին Մասիս համայնքի ղեկավարը նույնպես հայտնել է, որ Մասիսը ևս տոնական զարդարանքից զերծ կմնա։