Նաիրա Զոհրաբյանն արդեն տեղեկացրել էր, որ Գորիսի առաջին ատյանի դատարանում մեկնարկել է մեր ժամանակների ամենաաբսուրդային դատական գործերից մեկը։
Խնդիրն այն է, որ Ներքին Խնձորեսկի նախկին գյուղապետն իր բարեկամների անուններով սեփականաշնորհել է բնակիչների վարելահողերը և պահանջում է չմշակել այդ հողերը։
«Սեփական համագյուղացիներին դատի է տվել Ներքին Խնձորեսկի նախկին գյուղապետ Մարտուն Արզանյանը։ Արզանյանը 2005 թվականից Ներքին Խնձորեսկի գյուղապետն էր, ով, ասում են, սկզբում՝ Քոչարյանի, հետո՝ Սերժ Սարգսյանի նկարը ծոցագրպանում էր ման գալիս, բայց 2018-ին լույսի արագությամբ դառնում է գյուղի առաջին «Սերժ մերժողն» ու միակ ՔՊ-ականը։
Ու սույն շուստրի՝ այլևս նախկին գյուղապետը տարիների ընթացքում հասցնում է կեղծ, ապօրինի աճուրդներով, որոնցից գյուղացիները տեղյակ չեն եղել, իր մերձավորների անուններով սեփականաշնորհել գյուղի ամբողջ 474 հեկտար վարելահողը։ Համառ պայքարից հետո գյուղացիներին հաջողվում է 200 հեկտարը պոկել Մարտուն Արզանյանի ձեռքից, իսկ կեղծ աճուրդներով յուրացված 274 հեկտարը, ըստ գյուղացիների, շարունակում է մնալ Մարտունի կլանի տիրապետության տակ։
Փաստորեն, գյուղի Մարկիզ Կարաբասը գյուղի բոլոր տղամարդկանց դատի է տվել, որովհետև գյուղացիները, ովքեր սիրո և հանդուրժողականության հեղափոխությունից հետո դավթարներով դիմումներ են ուղղել թավշյա իշխանություններին և իրենց ասել են՝ «հեսա Պապիկյանը կգա ու հարցը կկարգավորի» ու Պապիկյանն այդպես էլ չի եկել, դե, գյուղացիներն էլ որոշել են արդարության սկզբունքով թույլ չտալ Մարտունի կլանին շահագործել ապօրինաբար զավթված հողերը. իրենք մշակել են, իրենք հավաքել ու պահեստավորել են բերքը՝ ցորեն, գարի, խոտ՝ մինչև դատարանը կորոշի ապօրինի աճուրդների հարցը»,- ֆեյսբուքյան իր էջում գրել էր Նաիրա Զոհրաբյանը։
168.am-ի հետ զրույցում Ներքին Խնձորեսկի գյուղապետ Երվանդ Մալունցն ասաց, որ գյուղի բոլոր տղամարդկանց նախկին գյուղապետը դատի է տվել, բացի երկու տղամարդուց։
«Երեք տարի է՝ Ներքին Խնձորեսկի բոլոր տղամարդիկ, բացառությամբ երկու ընտանիքի, պայքարում են իրենց ապագայի, երեխաների ապագայի, գյուղի զարգացման համար։ Նախկին գյուղապետը բնակիչների հետ հողերի խնդիր ունի։ Բնակիչները նրան ասում են, որ այդ հողերն իրենցն է, և այսպես, ասում են, արդեն երեք տարի։ Այսօր արդեն երկրորդ դատական նիստն է տեղի ունենում այդ խնդրի հետ կապված։ Սովորական բան է արդեն»,- նշեց Ներքին Խնձորեսկի գյուղապետը։
Նա նաև տեղեկացրեց, որ չնայած այդ խնդիրներին, երեք տարի է՝ այդ հողերը գյուղացիներն են մշակում և ճիշտ են անում, քանի որ դա բնակիչների հողն է։
Նա կեսկատակ-կեսլուրջ ասաց, որ մտավախություն չունի, որ դատարանը կարող է գյուղի բոլոր տղամարդկանց, բացառությամբ երկու հոգուց, կալանավորման որոշում ընդունել։
«Մեր գյուղը հերոսական գյուղ է, թուրքից չի վախենում, կարո՞ղ է մի դատվելուց վախենա»,- եզրափակեց Երվանդ Մալունցը։
Հիշեցնենք՝ Արցախի 44-օրյա պատերազմից հետո, երբ Նիկոլ Փաշինյանը ստորագրեց Արցախի 75 տոկոսը հանձնելու փաստաթուղթը, որտեղ որևէ կետ ներառված չէր հայ-ադրբեջանական սահմանի վերաբերյալ, Փաշինյանի հրամանով և Պաշտպանության նախկին նախարարի լուռ համաձայնությամբ թշնամուն հանձնվեցին Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի բոլոր շահեկան դիրքերը, որի արդյունքում մի շարք գյուղեր պարզապես հայտնվեցին թշնամու թիրախում։ Ներքին Խնձորեսկը ևս այսօր թշնամու նշանառության տակ է, գյուղացիներից շատերի վարելահողերը և խոտհարքերը մնացել են թշնամու հսկողության տակ։